Հետազոտողների միջազգային կոլեկտիվը ստեղծել է դեղամիջոցների նոր դաս, որոնք կարող են ոչնչացնել քնային հիվանդության եւ Շագասի հիվանդության հարուցիչներին։ Դեղերի նախատիպերի ազդեցությունը հաջողությամբ ստուգել են մոդելային կենդանիների վրա, գրել են հետազոտողները Science ամսագրում հրապարակված հոդվածում։

«Լատինական Ամերիկայում եւ Աֆրիկայում (Սահարայից հարավ) ապրող միլիոնավոր մարդիկ գտնվում են միաբջիջ տարբեր պաթոգեն-տրիպանոսոմների վարակի սպառնալիքի տակ, որոնք առաջ են բերում Շագասի հիվանդությունը եւ աֆրիկյան քնային հիվանդությունը»,- գրել են հետազոտողները։ Նրանք ստեղծել են դեղամիջոցների դաս, որոնք կարող են արդյունավետորեն ոչնչացնել շատ ցածր խտությունների տրիպանոսոմը։

Անհրաժեշտ միջոցներ փնտրելու ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են կարճ մոլեկուլների երկու միլիոն տեսակների ազդեցությունը տրիպանոսոմի տարբեր տեսակների վրա։

Արդյունքում՝ հետազոտողների ուշադրությունը գրավել են ցիանոտրիազոլ դասի մոլեկուլները՝ ազոտի ատոմների մեծ քանակությամբ արոմատիկ օրգանական միացություններ։ Դրանք կարող են ոչնչացնել տրիպանոսոմների հայտնի բոլոր տեսակները, ընդ որում՝ չազդելով այլ միաբջիջների վրա։ Գիտնականները սինթեզել են երեք նման մոլեկուլ՝ CT0, CT1 եւ CT3, եւ հետեւել են դրանց գործողությանը տրիպանոսոմների մի քանի տեսակների վրա։

Բջիջների եւ մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ցիանոտրիազոլները կարող են ոչնչացնել հիվանդությունների հարուցիչների բոլոր տեսակները հարյուր եւ հազար անգամ ավելի ցածր չափաբաժիններով, քան դրանք վտանգավոր են մարդու համար։ Ավելի բարձր խտություններով այդ միացությունները կարող են ոչնչացնել նաեւ եւս մեկ մակաբույծ հիվանդության՝ լեյշմանիոզի հարուցիչները։

Հետազոտողների կարծիքով՝ իրենց աշխատանքը կօգնի ապագայում ստեղծել ավելի արդյունավետ եւ անվտանգ դեղամիջոցներ Շագասի հիվանդության եւ աֆրիկյան քնային հիվանդության դեմ։

Շագասի հիվանդությունը եւ քնային հիվանդությունն առաջ են բերում միաբջիջ միկրոօրգանիզմները՝ տրիպանոսոմները։ Դրանց փոխանցողներն են աֆրիկյան ցեցե ճանճը եւ տրիատոմային փայտոջիլները։ Տրիպանոսոմների բազմացումը մարդկանց եւ կենդանիների նյարդային հյուսվածքներում առաջ է բերում քնկոտություն, որը հետագայում հանգեցնում է հիվանդի մահվան։ Ցեցե ճանճերի պատճառով Աֆրիկայի տարածքի կեսը մինչեւ այժմ անպիտան է մնում անասնապահության համար։

Այժմ  այդ հիվանդությունների դեմ պայքարի համար կիրառվում են ինչպես ծուղակներ եւ թունավոր նյութեր, որոնք ոչնչացնում են դրանց տարածողներին, այնպես էլ դեղամիջոցներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի տրիպանոսոմները բազմանան արդեն վարակված մարդկանց օրգանիզմում։ Այդ դեղերից շատերն աստիճանաբար կորցնում են արդյունավետությունը։ Դա ստիպում է գիտնականներին մշակել նոր դեղամիջոցներ տրիպանոսոմների դեմ պայքարի համար։