Այսուհետ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք այսուհետև կստանան անվճար դեղեր իրենց պոլիկլինիկաների կողմից՝ համապատասխան դեղերի ցանկի: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը:
Նա հավելեց, որ առողջապահության նախարարի հրամանով այդ ցանկը համալրվել է նոր դեղերով. «Այս բարեփոխումն իրականացնել է 2023-ին ֆինանսական միջոցների ավելացումից հետո: Ընդհանուր առմամբ, այս ծրագրի շրջանակներում օգտվում է շուրջ 220 հազար շահառու, իսկ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող դեղ ստացող անձանց թիվը շուրջ 30 հազար է: Այսինքն 220 հազարին գումարվել է եւս 30 հազարը: Պետությունը շուրջ 400 մլն դրամ է հատկացրել այս ծրագրի համար»,-ասաց Մարինե Հարությունյանը:
Նա նշեց, որ անվճար տրամադրվող դեղերի ցանկը համալրվել է եւս 5-ով եւ կազմում է շուրջ 530 անվանում դեղ՝ ազդող նյութով. «Հիմնական դեղերի ցանկի շրջանակում ապահովվում է դեղապհովում: 530 անուն դեղ քաղաքացիները կարող են անվճար ձեռք բերել ըստ բժշկի ցուցման: Կառավարության որոշմամբ սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա դեղերի ձեռքբերումը պետք է իրականացվի մինչեւ նախորդ տարվա հոկտեմբերը, որպեսզի դեղապահովման մասով խնդիրներ չառաջանան»,-ասաց նա՝ նկատելով, որ 2018-2019-ին այդ ցանկում եղել է 310 անվանում դեղ, այսօր արդեն՝ 530:
Հարցին, թե արդյոք այդ ցանկում կան քաղցկեղի դեմ դեղեր, Մարինե Հարությունյանը պատասխանեց. «Միայն երկու անվանում դեղեր կարող են տրամադրվել պոլիկլինիկաների կողմից, քանի որ դրանց մեծամասնությունը ստացիոնար բուժում ստացող պացիենտների համար են, պոլիկլինիկաներում չեն կարող տրամադրվել: Քանի որ քաղցկեղի դեմ նախատեսված դեղը քիմիաթերապեւտիկ բուժման շրջանակներում է տրամադրվում, դրա համար անհրաժեշտ են ստացիոնալ պայմաններ: Միայն 3-5 անվանում դեղեր են, որ քիմիաթերապեւտիկ բուժման կուրսն անցնելուց հետո արդեն, երբ գալիս, հաշվառման է կանգնում պոլիկլինիկայում, դրանից հետո սկսում է ստանալ պոլիկլինիկայի միջոցով: Այդ դեղերն, այո պացիենտներին տրամադրվում են անվճար»:
Նա ընդգծեց, որ այդ ցանկում են շաքարային դիապետի, սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված դեղերի լայն ցանկ. «Անվճար դեղապահովման մասով բյուջեն 2024 թվականին կկազմի շուրջ 4,7 մլրդ դրամ, իսկ այս պահին 4,2 մլրդ դրամ է: Վերջին 4-5 տարիներին 10 հիվանդությունը դարձել է 21 հիվանդություն»:






