2024 թվականի հունվարի 1-ից 6 հիվանդությունների մասով կառավարության որոշմամբ կիրականացնի անվճար դեղապահովում: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը՝ նկատելով, որ այդ 6 հիվանդությունների մասով միշտ եղել է բարձր դիմելիություն, բայց դեղապահովում չի իրականացվել:

«Այդ 6 հիվնդություններն են՝ պատանեական իդիոպտիկ արթրիտ, առաջնային իմունոդիֆիցիտ, կավասակի հիվանդություն, նյարդային խանգարումներով պայմանավորված հիվանդություններ, անհաս նորածինների համար դեղեր եւ ցրված սկլերոզ:

Այս հիվանդությունների համար անհրաժեշտ են թանկարժեք դեղեր, որը պետությունը ձեռք կբերի եւ անհրաժեշտ քանակով կտրամադրվի պացիենտներին: Այս 6 հիվանդությունները ցանկում ներառելու դեպքում 496 շահառու կընդգրկվի, որոնց գերակշիռ մասը 0-18 տարեկան երեխաներ են»,-ասաց նա: