ISO ստանդարտի ներդրման գործընթացը Հայաստանի բուժհաստատություններում ընթանում է. կան հաստատություններ, որոնք այն արդեն ստացել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

«Տարբեր հաստատություններ դրա վրա աշխատում են: Երբ լաբորատորիաների մասին է խոսքը, նախարարությունը կանոնակարգել է այդ հարցը, եւ ճիշտ է, նրանք, կարող է, դեռ ISO-ները չեն ստացել, բայց պատրաստվում են այդ գործընթացին:

Պետք է հասկանալի մի բան. այո, մենք պետք է ձգտենք միջազգային ստանդարտներին, բայց միջազգային ստանարտներ կան, որոնք շատ բարձր եկամուտ ունեցող երկրների համար են, եւ եթե մենք ոչ թե ձգտենք այդ ստանդարտներին, այլ միանգամից ֆիքսենք դրանք, բուժհաստատությունների 90 տոկոսը կփակվի, եւ էլ ավելի վատ կլինի, դուք կմնաք առանց ծառայությունների», — ասաց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ ISO ստանդարտների ներդնումը շատ լուրջ գործընթաց է եւ չի կարող լինել «ձեւի համար».

«Բովանդակությունը գին ունի, իսկ գինը կախված է մեր ՀՆԱ-ից: Եթե մեր ՀՆԱ-ն թույլ չի տալիս այս կետից միանգամից այն կետը թռչել, պետք է մեր ստանդարտները համապատասխանեցնենք մեր հնարավորություններին: Եթե մենք ընդունենք ստանդարտ, որը չենք կարող անել, մենք կփակենք (բուժհաստատությունները) եւ չենք ունենա այլեւս»: