Ցյուրիխի համալսարանի գիտնականները պարզել են, որ նոր դեղերի կեսից ավելին չունի ավելի մեծ թերապեւտիկ արժեքավորություն, քան գոյություն ունեցողները։ Հետազոտությունը հրապարակվել է The BMJ-ում։
Աշխատանքի հեղինակները գնահատել են նոր դեղամիջոցների թերապեւտիկ արժեքավորության ռեյթինգները, որոնք հավանության են արժանացել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում 2011-2020թթ. ավելի քան մեկ հիվանդություն բուժելու համար։ Այդ ռեյթինգները ցույց են տալիս, թե որքանով է նոր դեղամիջոցն ավելի արդյունավետ որեւէ հիվանդության բուժման համար՝ գոյություն ունեցողների համեմատ։
ԱՄՆ-ում հավանության արժանացած դեղերի միայն 41 տոկոսն է ունեցել թերապեւտիկ արժեքավորության բարձր ռեյթինգ, Եվրոպայում՝ 47 տոկոսը։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նոր դեղերի կեսից քիչն է ունեցել ավելի բարձր թերապեւտիկ արժեքավորություն գոյություն ունեցող դեղամիջոցների համեմատ։ Հավանության արժանացած դեղերի 58 տոկոսը վերաբերել է քաղցկեղի բուժմանը։
Նոր դեղամիջոցները հաճախ օգտագործվում են ոչ թե մեկ հիվանդության (առաջին հաստատված ցուցմունքը), այլ նաեւ ուրիշ հիվանդությունների դեպքում (լրացուցիչ ցուցմունքներ)։ Լրացուցիչ ցուցմունքների դեպքում դեղերի ռեյթինգը ավելի ցածր էր. դեղամիջոցների 34-36 տոկոսն ավելի լավն է եղել գոյություն ունեցողներից։
Հետազոտողները նշել են, որ լրացուցիչ առավելությունների բացակայության մասին ինֆորմացիան գոյություն ունեցող դեղերի համեմատ պետք է հստակ հասցվի պացիենտներին եւ արտացոլվի դեղի գնի մեջ։






