Հայաստանում ներդրվել են բժշկական նոր տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են սրտանոթային հիվանդությունների ավելի հեշտ եւ արդյունավետ բուժմանը: Սոցիալապես կարեւոր գլխավոր խնդիրը նոր տեխնոլոգիաների տարածումն է Հայաստանի բոլոր մարզերում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է։ Այս մասին Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի սրտաբան, սրտանոթային հիվանդությունների ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման եւ բուժման մասնագետների ռուսական գիտական ընկերության նախագահ, ՌԴ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը։

Օրինակ, ինչպես նշեց Ալեքյանը, ներդրվել է սրտի փականային հիվանդություններով հիվանդների բուժման նոր միջոց։ Մինչեւ վերջերս փականի փոխարինման վիրահատությունն իրականացվում էր բաց եղանակով՝ հերձադանակով եւ անզգայացմամբ,  սրտի ամբողջական կանգով եւ արյան արհեստական շրջանառությամբ:

«Այսօրվա բժշկության ձեռքբերումների շնորհիվ հնարավոր է դարձել բուժել սրտի շատ հիվանդություններ, այդ թվում ՝ փականի փոխարինում, տրանս-կաթետերային եղանակով, այսինքն՝ առանց անզգայացման եւ առանց հերձադանակի։ Այս եղանակով կարելի է վիրահատել 80, 90 եւ նույնիսկ 100 տարեկան հիվանդներին։ Հայաստանում կատարվել են առաջին քայլերն ու կատարվել են առաջին նման վիրահատությունները։ Ես հույս ունեմ, որ դրանց ծավալը կավելանա եւ կկրկնապատկվի»,-ասաց Ալեքյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում Stent for life ծրագրի ներդրմանը գործուն մասնակցություն է ունեցել առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ, եւ այսօր այդ համակարգն աշխատում է, եւ Հայաստանը մեկ միլիոն բնակչության համար կատարում է ավելի քան երեք հազար ստենտավորում: «Սա գործնականորեն եվրոպական բարձրագույն մակարդակ է, եւ ծրագիրը կունենա իր շարունակությունը»,-ասաց նա։

Մյուս շատ կարեւոր պետական ծրագիրը, որն արդեն մեկնարկել է Հայաստանում, իշեմիկ ինսուլտով հիվանդների բուժումն է։ «Սա մի ծրագիր է, որն արդեն իրականացվում է, բայց պետք է այնպես անել, որ Հայաստանի բոլոր մարզերում հասանելի լինի այդ օգնությունը, ինչն այսօր սոցիալական նշանակություն ունեցող գլխավոր խնդիրներից մեկն է։

«Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ այսօր Հայաստանում 6-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող բժիշկները կլսեն այս նոր տեխնոլոգիաների մասին։ Շատ սերտ կապեր են ստեղծվել արեւմտյան սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, որոնք նպաստում են մեր երկրում այդ բոլոր ուղղությունների զարգացմանը»,-հավելեց Բագրատ Ալեքյանը։

Բագրատ Ալեքյանը որպես խոսնակ մասնակցում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական Կոնգրեսին: Նրա զեկույցի թեման է. «Սրտանոթային հիվանդությունների տրանսկաթետերային բուժման ընթացիկ նվաճումները. փականի հիվանդություններ մեծահասակների մոտ»: Բագրատ Ալեքյանի խոսքով՝ 6-րդ բժշկական համագումարի (6imca) նպատակն է ցույց տալ այն հնարավորությունները, որոնք գոյություն ունեն աշխարհում բժշկության ոլորտում: Համագումարի ընթացքում ելույթ են ունենում տարբեր ուղղությունների առաջնորդներ, հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք զեկուցում են բժշկության վերջին ձեռքբերումների մասին:

6.jpg (94 KB)

 

3.jpg (37 KB)

2.jpg (89 KB)
4.jpg (70 KB)