Սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ սեպտեմբերի 29-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնում «Բաց դռների օր» է մեկնարկելու: Միջոցառման շրջանակում նախատեսվում է անվճար սրտաբանական հետազոտություններ իրականացնել եւ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել: Այս մասին սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում բուժհաստատության փոխտնօրեն Միքայել Մանուկյանը եւ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանն են հայտնել:
Միքայել Մանուկյանի հաղորդմամբ, ակցիան հասարակության սոցիալապես անապահով խավերին է ուղղված եւ մահացության ամենաբարձր մակարդակ ունեցող սրտանոթային հիվանդությունները զարգացման վաղ փուլերում ախտորոշելու նպատակ է հետապնդում, ինչը հսկայական սոցիալական նշանակություն կարող է ապահովել:
Մասնագետի մեկնաբանմամբ, որպես բաց դռների օր ձեւականորեն միայն սեպտեմբերի 29-նն է հայտարարվում, սակայն ակցիան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դիմողներ կլինեն: Հետազոտության համար նախնական գրանցում չի պահանջվում. սիրտը հետազոտելու ցանկությամբ բուժհաստատության ընդունարան ներկայացած բոլոր այցելուները համապատասխան ուղեգիր կստանան: Եթե դիմողների հոսքը մեծ լինի՝ հերթագրում կլինի: Անվճար հետազոտությունների համար հատուկ կաբինետներ եւ մասնագետներ են առանձնացվելու. ակցիայի շրջանակում այցելուները կարող են, կախված բժշկի ցուցումներից, էլեկտրակարդիոգրամա, սոնոգրաֆիա եւ լաբորատոր հետազոտություններ անցնել, ինչպես նաեւ լիարժեք մասնագիտական խորհրդատվություն ստանալ: Ընթացքում նաեւ հետագա բուժման եւ վճարման հետ կապված հարցերը կարող են լուծում ստանալ: Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը չի մանրամասնել, թե ինչ արժողությամբ ծառայութունների փաթեթ է ակցիայի շրջանակում մատուցվելու՝ հավաստիացնելով, որ խոսքը բավականին մեծ գումարների մասին է գնում:
Միքայել Մանուկյանը նաեւ նշել է, որ ակցիան կանխարգելիչ հետազոտությունների եւ հիվանդությունների վաղ վերհանման մշակույթ ներդնելու նպատակ է հետապնդում: Մասնագետը սրտի առողջությանն առնչվող հարցերի նկատմամբ ուշադիր լինելու կոչ է հղել Հայաստանի բնակչությանը՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ խոսքը ողջ աշխարհում մահացության ամենաբարձր մակարդակ հրահրող բարդությունների մասին է:
Իր հերթին, Համլետ Հայրապետյանը սրտի իշեմիկ հիվանդության դասական ախտանշաններն է հիշեցրել՝ ցավ կրծքավանդակում, գլխավորապես՝ կրծոսկրի հետնամասում, երբեմն նաեւ՝ ձեռքերի եւ ուսերի հատվածում: Այդուհանդերձ, հիվանդությունները կարող են նաեւ ատիպիկ դրսեւորումներ ունենալ, օրինակ՝ հեւոցի տեսքով, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս նվազագույն կասկած ունենալու պարագայում, թեկուզ միայն ախտաբանության առկայությունը բացառելու նպատակով, առաջնային կամ ստացիոնար բուժհաստատության օգնությանը դիմել:






