Առանց առողջ և կայուն առողջության առաջնային պահպանման օղակի հնարավոր չէ ունենալ կայուն առողջապահական համակարգ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Մանկական վիրաբույժ, UCLA-ի վիրաբուժության դոցենտ Շանթ Շեխերդիմյան։
Ըստ նրա, չկա երկիր, որն ունենա անթերի առաջնային օղակ։ Հայաստանի դեպքում խնդիրները վերաբերում են ֆինանսավորմանը, մարդկային ռեսուրսներին և ներուժին, կրթության որակի բարելավմանը և ենթակառուցվածքների, սարքավորումների զարգացմանը։
«Կարծում եմ՝ խնդիրների լուծման առաջին քայլը դրանց մասին մեր գործընկերների հետ բաց, թափանցիկ խոսելն է։ Առիթ ենք ունեցել հետազոտել և ավելի մանրամասն հասկանալ, թե որտեղ են այդ խնդիրները, մշակել ռազմավարություն և ճանապարհային քարտեզ դրանց լուծման համար։
Մեր հետազոտությունների արդյունքում ստացել ենք 14 տարբեր ուղղություն, որոնցով առաջնային օղակը Հայաստանում կարիք ունի բարելավման՝ որակ, ֆինանսավորում, մարդկային ռեսուրսների արդյունավետության բարձրացում, մասնավոր սեկտորի ներգրավում, կառավարում և այլն։ Այս բոլոր ուղղություններով պետք է բարելավումներ լինեն, ինչը երկար աշխատանք է»։
Հարցին, թե Հայաստանն ունի լավ հիվանդանոցային համակարգ, այդ դեպքում ինչո՞վ է կարևորվում առաջնային օղակի զարգացումը, Շեխերդիմյանն ասաց․ «Միջազգային փորձը և թեմայով արված հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջնային օղակը միակն է, որ արդյունավետորեն զբաղվում է հիվանդության կանխարգելմամբ, առողջ է պահում բնակչությանը, ապահովում է խնդիրների վաղ հայտնաբերումը և սկսում բուժումը։ Այդ պատճառով այս սեկտորը սպասարկում է բնակչության ամենածախսարդյունավետ միջամտությունները՝ ի տարբերություն հիվանդանոցային համակարգի»։





