ՄԻԱՎ թեստավորման մասշտաբների ընդլայնումը եւ հակավիրուսային բուժումը շատ երկրներում ցույց է տալիս, որ մինչեւ 2030թ. համաճարակի ավարտը հնարավոր է, դա քաղաքական եւ ֆինանսական հարց է, նշվել է ՄԱԿ ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի գծով Միավորված ծրագրի (ՅՈւՆԷՅԴՍ) կայքում հրապարակված զեկույցում։

«ՅՈւՆԷՅԴՍ-ի նոր զեկույցում ցույց է տրվել, որ ՁԻԱՎ-ը կավարտվի մինչեւ 2030թ., եւ նկարագրվել են այդ նպատակին հասնելու հետագա քայլերը։ «Ճանապարհ, որը վերջ կդնի ՁԻԱՎ-ին» հաշվետվությունը պարունակում է տվյալներ եւ թեմատիկ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ՁԻԱՎ-ն արմատախիլ անելը քաղաքական եւ ֆինանսական ընտրության հարց է, եւ որ երկրներն ու ղեկավարները, որոնք արդեն ընթանում են այդ ճանապարհով, հասնում են լուրջ արդյունքների»,- ասվել է փաստաթղթում։

Կազմակերպության տվյալներով՝ Բոտսվանայում, Էսվաթինիում, Ռուանդայում, Տանզանիայում եւ Զիմբաբվեում ՁԻԱՎ-ով հիվանդ մարդկանց  95 տոկոսը գիտի այդ մասին, ստանում է հակավիրուսային բուժում եւ ներկայում անորոշ վիրուսային ծանրաբեռնվածություն ունի։ Նշվել է, որ 16 այլ երկրներ, այդ թվում Աֆրիկայի Սահարայից հարավ գտնվող ութ երկրներ, որտեղ ապրում է ՄԻԱՎ-ով վարակվածների 65 տոկոսը, նույնպես մոտ են այդ նպատակին հասնելուն։

«Այսօր մենք հնարավորություն ունենք վերջ դնելու ՁԻԱՎ-ին՝ ամրապնդելով քաղաքական կամքը, միջոցներ ներդնելով ՄԻԱՎ-ի դեմ պայքարում եւ ֆինանսավորելով այն, ինչն առավել կարեւոր է՝ ՄԻԱՎ-ի կանխարգելումն ու բուժումը, առողջապահության համակարգերի ինտեգրումը, ոչ խտրական օրենքները, գենդերային հավասարությունը եւ հանրային ցանցերի ինքնավարությունը»,- ընդգծվել է զեկույցում։

Սակայն ՅՈւՆԷՅԴՍ-ը ցավում է, որ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի 23 տոկոսը տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ որոշ երկրներում վարակի դեպքերն ավելանում են «տագնապալի տեմպերով»։ Դեպքերն սկսել են ավելանալ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում (+49% 2010 թվականից), ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում (+61% 2010 թվականից)։

«Մենք հույս ունենք, բայց հակված չենք թեթեւամիտ լավատեսության, որը կարդարացվեր, քանի որ ամեն բան ընթանում է ըստ պլանի։ Խոսքն ավելի շուտ հույսի մասին է, որն արմատանում է հաջողության հնարավորության դեպքում, կապված գործողությունների հետ։ Տեղեկությունը եւ թվերը, որոնք ներկայացված են այս հաշվետվությունում, ցույց չեն տալիս, որ մենք՝ մարդկությունը, արդեն ճիշտ ճանապարհին ենք, բայց դրանք մեզ ասում են, որ մենք կարող ենք լինել ճիշտ ճանապարհին։ Դեպի առաջ ճանապարհը պարզ է»,- փաստաթղթում մեջբերվել են ՅՈւՆԷՅԴՍ-ի գործադիր տնօրեն Վինի Բյանիմայի խոսքերը։