Ջոն Հոփքինսի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները նշել են կանաչ թեյում պարունակվող միացության օգուտը կանանց առողջության համար։ Հետազոտությունը, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, ցույց է տալիս, որ էպիգալոկատեխինի գալատը (EGCG) կարելի է օգտագործել արգանդի միոմայի կանխարգելման եւ բուժման համար։
Մինչկլինիկական փորձերի ընթացքում հեղինակներն ուսումնասիրել են EGCG էֆեկտը արգանդի միոմայի բջիջների լաբորատոր նմուշների վրա, որոնք վերցվել են պացիենտներից։ Նմուշների մեջ ներարկվել է 100 միկրոմոլ նյութ մեկ լիտր սննդային միջավայրի դեպքում, 24 ժամվա ընթացքում, իսկ հետո փորձել են հայտնաբերել հատուկ սպիտակուցների (D1 ցիկլին, ֆիբրոնեկտին եւ CTGF) առկայությունը հյուսվածքում։
Մասնագետները հայտնաբերել են, որ EGCG-ն իջեցնում է ֆիբրոնեկտին սպիտակուցի մակարդակը 46-52 տոկոսով՝ միոմայի բջիջների վերահսկիչ խմբի համեմատ, որոնք չեն ենթարկվել նյութի ազդեցությանը։ Դա նշանակում է, որ կանաչ թեյի միացությունը խոչընդոտել է ազդանշանային ուղիների աշխատանքին, որոնք պատասխանատու են ուռուցքի բջիջների աճի, ազդանշանների փոխանցման եւ մետաբոլիզմի համար։
Թիմը եկել է այն եզրահանգման, որ էպիգալոկատեխինի գալատը կարող է լինել ախտանշանների թեթեւացման եւ արգանդի միոմայի աճի դանդաղման պարզ եւ հասանելի տարբերակ, քանի որ ճնշում է մոլեկուլյար շատ ուղիներ, որոնք կարգավորում են ուռուցքի զարգացումը։ Աշխատանքի տվյալները համապատասխանում են միոմա ունեցող կանանց, որոնք ծրագրում են հղիանալ, նախորդ կլինիկական հետազոտություններին։






