Կատաղությունը Rabies վիրուսի հրահրմամբ ի հայտ եկող մահացու ինֆեկցիոն հիվանդություն է համարվում: Իսկ, ավելի կոնկրետ, ի՞նչ է այն իրենից ներկայացնում եւ ի՞նչ անել, եթե Ձեզ կենդանի է կծել: 

Ի՞նչ է կատաղությունը եւ ինչո՞վ է վտանգավոր

Rabies վիրուսը կատաղած կենդանուց է մարդուն անցնում: Օրգանիզմ ներթափանցելով, այն կարող է սպեցիֆիկ էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում եւ օրգանի ու նյարդային համակարգի մի շարք անդառնալի խախտումներ հրահրել:

Հիվանդությունը կարող է ինչպես վայրի (գայլ, աղվես, շնագայլ, ժանտաքիս, մանգուստ եւն), այնպես էլ ընտանի (առավել հաճախ՝ շուն, ինչպես նաեւ՝ կատու, եւն) կենդանիներից փոխանցվել:

Հիվանդության ինկուբացիոն ժամանակաշրջանը 10 օրից մինչեւ 3-4 ամիս է ձգվում, իսկ տեւողությունը՝ 5-8 օր, թեեւ, որոշ դեպքերում, կարող է մինչեւ 10-12 օր տեւել:

Կատաղության առաջին ախտանշաններն են մինչեւ 37,2–37,3 աստիճան ջերմությունը, անքնությունը, անհանգստության եւ ուժասպառության զգացումը: Այնուհետեւ հիվանդության զարգացման երկրորդ փուլն է վրա հասնում, երբ հիվանդի մոտ նվազագույն գրգռիչների՝ աղմուկի, պայծառ լույսի, ձայների նկատմամբ զգայունության բարձր մակարդակ է ի հայտ գալիս: Հաջորդիվ հալյուցինացիաներ, զառանցանք, ուժեղ վախեր եւ ագրեսիա է նկատվում: Հիվանդության վերջին փուլում մարդու մոտ կաթված է սկսվում, իսկ երբ այն շնչառական համակարգին է հասնում՝ մահն այլեւս րոպեների հարց է:

Եւ այսպես՝ ո՞ւմ դիմել եւ ի՞նչ անել, եթե կենդանի է կծել

Ժամանակին օգնություն ստանալու պարագայում հիվանդությունը միանգամայն կանխարգելելի է համարվում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ԱՆ իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրել է, որ Հայաստանում կատաղության դեմ ներարկումները պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցների անհետաձգելի օգնության բաժանմունքներում են իրականացվում: Այնպես որ, եթե հանկարծ ինչ-որ, նույնիսկ՝ ընտանի կենդանի է Ձեզ կծել, արդեն գիտեք, թե որտեղ պետք է դիմել:

Ընդ որում, հարկավոր է միջադեպից անմիջապես հետո՝ առաջին ժամերի ընթացքում պոլիկլինիկա կամ հիվանդանոց դիմել, որտեղ անմիջապես պատվաստանյութի ներարկում կստանաք՝ հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով:

Եւս մեկ անգամ նշենք, որ նշանակություն չունի, թե ինչ կենդանի է Ձեզ կծել. նույնիսկ եթե վերջինս միանգամայն առողջ տեսք ունի, հարկավոր է բժշկի օգնությանը դիմել, քանի որ կատաղության ինկուբացիոն ժամանակաշրջանը բավականին երկար է տեւում, եւ վարակիչ ու մահացու վտանգավոր թուք ունեցող կենդանին դեռեւս երկար ժամանակ կարող է արտաքինից առողջ թվալ եւ կատաղության որեւէ ախտանշան չդրսեւորել:

Կատաղության պրոֆիլակտիկան

Կատաղության դեմ պրոֆիլակտիկ պայքարի նկատառումներով մասնագետները խորհուրդ են տալիս.

• Ընտանի կենդանիների տարեկան վակցինացիա կազմակերպել,

• Որեւէ երկիր մեկնելուց առաջ, որտեղ կատաղությունը տարածված երեւույթ է համարվում, հիվանդության դեմ պրոֆիլակտիկ ներարկում ստանալ

• Պրոֆիլակտիկ ներարկումները խորհուրդ են տրվում նաեւ այն մարդկանց, որոնց մասնագիտությունը վարակման բարձր ռիսկ է ենթադրում (անասնաբույժներ, որսորդներ, շնապահներ, եւն):