Կոլումբիական համալսարանի գիտնականները պարզել են, որ սրտային անբավարարությունը կարող է ուղղակիորեն հանգեցնել կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման։ Պարզվել է, որ դա կապված է ուղեղի նյարդային բջիջներում կալցիումի մակարդակի իջնելու հետ։ Հայտնագործությունը թույլ կտա մշակել սրտային անբավարարության պատճառով առաջացող դեմենցիայի բուժման մեթոդներ, տեղեկացրել է Nature Neuroscience-ը։

Գիտնականները ենթադրել են, որ բջիջներից կալցիումի արտահոսքը, որը նպաստում է սրտային անբավարարության առաջացմանը, կարող է նաեւ հանգեցնել կոգնիտիվ ֆունկցիաների նվազման սրտային անբարարարություն ունեցող պացիենտների մոտ։ Նրանք հաստատել են իրենց վարկածը սրտային անբավարարություն ունեցող մկների վրա կատարված փորձերով, ինչպես նաեւ ցույց են տվել, որ կոգնիտիվ ֆունկցիաները կարելի է պահպանել, եթե կալցիումի արտահոսքը կանխվի փորձնական դեղամիջոցով։

Սրտային անբավարարություն ունեցած եւ մահացած պացիենտների ուղեղում հայտնաբերվել են նաեւ «հոսող» կալցիումային ուղիներ, ինչը թույլ է տվել ենթադրել, որ արտահոսքը կարող է առաջ բերել կոգնիտիվ խախտումներ մարդկանց մոտ։

Գիտնականների կարծիքով՝ կալցիումի արտահոսքն ակտիվացնում է որոշակի մոլեկուլներ, որոնք առաջ են բերում ռեակցիա Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտների մոտ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ արտահոսքն առաջ է բերում անոմալիաներ նեյրոնների այն հատվածներում, որոնք անհրաժեշտ են ուղեղում ազդանշանների փոխանցման համար։

Rycals փորձնական դեղամիջոցը ներկայում կլինիկական փորձարկումներ է անցնում սրտային եւ մկանային այլ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա՝ կապված կալցիումային ուղինեում արտահոսքի հետ, իսկ հետագայում կարող է հավանության արժանանալ սրտային անբավարարությամբ պայմանավորված դեմենցիայի բուժման համար։

Երկար տարիներ մենք մտածել ենք, որ սրտային անբավարարություն ունեցող պացիենտները հակված են ունենալու կոգնիտիվ խախտումներ, բայց դա դիտարկվում էր որպես զուգադիպություն։ Միայն վերջերս կատարված հետազոտությունները հաստատեցին, որ սրտային անբավարարությունն առաջ է բերում կոգնիտիվ խնդիրներ»,- նշել են գիտնականները։