Սքրինինգային հետազոտությունների միջոցով կարելի է ժամանակին հայտնաբերել լայնորեն տարածված կրծքաղգեղձի, աղիքների և արգանդի վզիկի քաղցկեղները եւ մեծացնել դրանց արդյունավետ բուժման հավանականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղցկեղի կլինիկական հետազոտությունների պրոֆեսոր Նոռա Փաշայանը։
«Քաղցկեղի վաղ հայտնաբերումը շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում կարող ենք կանխարգելել հիվանդությունից մահը։ Միջազգային պրակտիկայում իրականացվում են կրծքաղգեղձի, աղիքների և արգանդի վզիկի քաղցկեղների սքրինինգային հետազոտությունների ծրագրեր, որոնք շատ արդյունավետ են»,- ասաց նա։
Փաշայանը շեշտում է որոշակի տարիքում ամբողջ բնակչության շրջանում սքրինինգային հետազոտություն իրականացնելու անհրաժեշտությունը, նշում է, որ հիվանդության կանխարգելումը պետության համար ավելի ձեռնտու է, քան հիվանդների բուժումը։
«Սքրինինգով հայտնաբերված խնդիրները շատ ավելի հեշտ են բուժվում, քան արդեն զարգացած քաղցկեցը։ Բացի այդ, կանխարգելման դեպքում մարդիկ ավելի երկար են ապրում և գործունյա են, ինչը նաև տնտեսապես է ձեռնտու պետությանը»,- ասաց նա։
Պրոֆեսորը կարևորում է նաև հավասարության պահպանվան սկզբունքը, քանի որ հետազոտությունը պետպատվերով չիրականացնելու դեպքում շատերը ստուգվելու հնարավորություն չեն ունենա․
«Ամեն մարդ, որ ցանկանում է սքրինիգային հետազոտություն անցնել, պետք է գնա և անցնի։ Սա է միակ տարբերակը քաղցկեղից մահերի թիվը նվազեցնելու համար»,- նշեց Փաշայանը։
Մասնագետի խոսքով՝ մեկանգամյա հետազոտություն անցնելը չի օգնելու կանխարգելել քաղցեղի զարգացումը․
«Կախված քաղցկեղի տեսակից՝ հետազոտությունները որոշակի պարբերականությամբ պետք է կրկնվեն, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում՝ 2-3 տարին մեկ», – ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։





