Մասաչուսեթսի հիվանդանոցի ընդհանուր պրոֆիլի գիտնականները հայտնաբերել են, որ իմունային բջիջների վրա ազդեցությունը կարող է օգնել շողացող առիթմիայի բուժմանը։ Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։
Շողացող առիթմիան (նախասրտերի ֆիբրիլյացիա) սրտի ռիթմի առավել տարածված խանգարումն է, որն ուղեկցվում է արագ ոչ մշտական սրտխփոցներով, որոնք կարող են հանգեցնել կաթվածի եւ սրտային անբավարարության։
Գիտնականներն ուսումնասիրել են նախասրտերի հյուսվածքի առանձին բջիջները, որոնք վերցրել են առողջ մարդկանցից եւ առիթմիա ունեցող պացիենտներից։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մակրոֆագի իմունային բջիջները առիթմիայի դեպքում նախասրտերում բազմապատկվում են ավելի շատ, քան վնասված հյուսվածքի բջիջների ցանկացած այլ տեսակը։
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ռեկրուտացված մակրոֆագները խթանում են բորբոքումը եւ նախասրտերի սպիացումը, որոնք խոչընդոտում են էլեկտրական անցանելիությունը սրտի բջիջների միջեւ եւ հանգեցնում շողացող առիթմիայի։
Գեների ակտիվության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու եւ մկների սրտի մակրոֆագներում բարձրանում է SPP1 գենի ակտիվությունը։ Այդ գենը պատասխանատու է օսթեոպոնտին սպիտակուցի արտադրման համար, որը նպաստում է հյուսվածքների սպիացմանը առիթմիայի դեպքում։ Այդ սպիտակուցից զրկված մկների մոտ իջած է եղել նախասրտերի մակրոֆագների քանակը։
Գիտնականները եզրակացրել են, որ նոր դեղամիջոցները շոցաղող առիթմիայի դեմ պետք է ուղղված լինեն նախասրտերի մակրոֆագների կամ օսթեոպոնտին սպիտակուցի դեմ։
«Մենք կարծում ենք, որ այս հետազոտությունը դնում է շողացող առիթմիայի իմունամոդուլացնող թերապիայի հիմքը, եւ ներկայում մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով, որպեսզի հասնենք դրան»,- նշել են հեղինակները։






