Բնական հումքով՝ խոտաբույսերից ստացված «վերդե ֆարմ» օճառը վնասակար քիմիկատներ չի պարունակում եւ, հետեւապես, չի կարող կանցերոգեն համարվել: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ, ի տարբերություն սովորական օճառի, այն նաեւ «երկարակյաց» է: Նորույթի մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ գաղափարի հեղինակ Նելի Ավետիսյանն է զրուցել, ով իր արտադրանքը նաեւ այս օրերին Երեւանում ընթացող «Ֆարմա Արմենիա – ԷՔՍՊՈ 2014» ցուցահանդեսին է ներկայացրել:

Նելի Ավետիսյանը, որպես դեղագործ, լիովին օրգանական՝ առանց մարդու առողջությանը եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող արհեստական փրփրիչների կոսմետիկ միջոցներ ստանալու նպատակ է իր առջեւ դրել:
«Ցանկանում էի ուղերձ հղել մարդկանց՝ առ այն, որ կարելի է ամենօրյա հիգիենայի վնասակար միջոցների արտադրության սահմանափակում մտցնել՝ բնական միջոցների կիրառման հաշվին: Բացի այդ, փորձել եմ օճառներին իմ սեփական բաղադրատոմսն ավելացնել, որպեսզի, հիգիենայի միջոց լինելուց զատ, նաեւ առողջարար ազդեցություն թողնեն: Օգտակարի եւ անհրաժեշտի ահա այսպիսի մի համադրություն», - նշել է նա:
Նելիի հավաստիացմամբ, «վերդե ֆարմ» օճառը միաժամանակ հակաալերգեն է, ցավազրկող եւ հանգստացնող: Նորարարության հեղինակն իր կոսմետիկ միջոցների պատրաստման համար կիրառվող բաղադրատոմսերը հին մատենագրություններից՝ Մատենադարանից է վերցնում: Նրա խոսքով, նախաձեռնությունը ոչ այնքան բիզնես է, որքան ցանկություն՝ ցույց տալու աշխարհին, որ մենք էլ հինավուրց բաղադրատոմսեր ունենք, որոնց շնորհիվ կարող ենք շրջակա միջավայրի մաքրության համար տարվող պայքարի մասնակիցը դառնալ:







