Ցավազրկող դեղամիջոցների կիրառությունը կարող է երիկամի գործառույթների կրճատման հանգեցնել: Համենայն դեպս, ամեն ինչ դրանց քանակից է կախված: Գիտնականներն ապացուցել են, որ ողջ կյանքի ընթացքում հիշյալ դեղամիջոցներից 3-3,5 կգ-ի չափով ընդունելու պարագայում ինտերստիցիալ նեֆրիտ՝ երիկամի գործառույթների կրճատում եւ երիկամային անբավարարություն կարող է առաջանալ:
Երիկամի փոխպատվաստման, նեֆրոլոգիայի եւ դիալիզի սանկտ-պետերբուրգյան կենտրոնի ղեկավար Արշակ Եսայանը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է՝ քիչ նեֆրոտոքսիկ դեղամիջոցներ ընդունել: Օրինակ՝ գենտամիցինը, որ կարող է երիկամների լուրջ բորբոքում հրահրել, կամ ոչ ստերոիդային դեղամիջոցները, մասնավորապես՝ տարբեր անվանումների ներքո լայնորեն գովազդվող էֆերալգանը եւ պարացետամոլը, որոնք աջ ու ձախ որպես ջերմիջեցնող են օգտագործվում: Այն ամենն, ինչ պարացետամոլ, իմուպրոֆեն կամ վոլտարեն է պարունակում, երիկամների գործառույթները նշանակալիորեն կրճատող դեղամիջոց կարող է համարվել:
«Որպես կանոն, տարվա ընթացքում գլխացավի դեմ բռերով դեղահաբեր ընդունող մի քանի հիվանդներ են մեր կլինիկայի օգնությանը դիմում: Ընդ որում, դրանք հատկապես կանայք են սիրում չարաշահել: Բազմաթիվ աղջիկներ, ավելորդ քաշից ազատվելու նպատակով, ֆուրոսեմիդ են օգտագործում՝ օրական մինչեւ 40 հաբի չափով, քանի որ որոշ ժամանակ անց դեղամիջոցն այլեւս չի գործում, եւ ստիպված են չափաբաժնի փոփոխություն կատարել: Ներկայումս ակտիվորեն գովազդվող չինական նիհարեցնող թեյերն էլ մյուս կողմից են խնդիրներ հարուցում, քանի որ երիկամին վնաս պատճառող բաղադրիչներ են պարունակում: Արդեն նմանատիպ հիվանդների շրջանում էլ որոշակի փորձ ենք կուտակել», - նշել է Արշակ Եսայանը:
Բացի դեղամիջոցներից, որոշ հետազոտություններ եւս կարող են նեֆրոտոքսիկ ազդեցություն թողնել: «Մասնավորապես՝ քաղցկեղի ռենտգենոգրաֆիան: Ռենտգենոկոնտրաստային դեղամիջոցները երիկամների գործառույթները կրճատելու հատկություն ունեն, այնպես որ հարկավոր է, նախքան դրանց նշանակումը, օրգանի գործառույթները ստուգել՝ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար», - մեկնաբանել է բժիշկը:






