«Նաիրի» բժշկական կենտրոնում ողնաշարի ճողվածքի վիրահատությունները կատարում են պացիենտի համար ավելի քիչ տրավմատիկ՝ էնդոսկոպիկ եղանակով։ Ճողվածքը հեռացնելուց հետո ողերը հատուկ եղանակով ֆիքսում են, ինչը կանխում է ճողվածքի կրկնությունը։

Բուժկենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ թյուր է այն կարծիքը, թե մեծ չափի ճողվածքը հնարավոր չէ հեռացնել էնդոսկոպիկ եղանակով։

«Էնդոսկոպիկ տեխնիկան հնարավորություն է տալիս վիրահատել  ցանկացած ճողվածք, ցանկացած չափի և տեղակայման։ Մյուս թյուր կարծիքը՝ կապակցել ճողվածքի չափը և վիրահատության ցուցումը։ Վիրահատության ցուցումը կախված է ոչ թե ճողվածքի չափից, այլ այն բանից, թե որքանով է այդ ճողվածքը խանգարում հիվանդին։ Օրինակ, եթե հիվանդն  ունի «մեծ» ճողվածք, բայց առանց կլինիկական դրսևորման, այսինքն՝ չունի ցավ մեջքում, ցավ ոտքում, կամ ցավը եզակի է, այդ հիվանդին վիրահատություն ցուցված չէ», - նշեց նա՝ հավելելով, որ դրան ի հակառակ պացիենտը կարող է ունենալ շատ փոքր՝ 3-4 մմ տրամագծով ճողվածք, բայց եթե այն գտնվում է նյարդի անցման խողովակում, ապա ցավային ախտանիշը սաստիկ արտահայտված է լինում, եւ այդ ճողվածքը պետք է վիրահատել։

Բժիշկը թվարկեց էնդոսկոպիկ վիրահատության առավելությունները․ չի լինում մեծ վիրահատական վերք, երկար հոսպիտալացում, հետվիրահատական վերականգնողական բուժման անհրաժեշտություն։

«Հիվանդը եկավ, վիրահատվեց, 24 ժամ հետո դուրս գրվեց, գնաց տուն՝ իր առօրյա կյանքը շարունակելու։ Այսինքն՝ վիրահատությունը որևէ կերպ չի սահմանափակում մարդու աշխատանքային, ֆիզիկական ակտիվությունը կամ փոփոխում առօրյա կյանքը։  Այս վիրահատությունը օր-օրի դառնում է արդարացված, տեղին։ Դրա մասին են վկայում մեր վիրահատությունների քանակի  կրկնապատիկ կամ եռապատիկ աճը վերջին մի քանի տարիների ընթացքում», – ասաց Արման Հակոբյանը։

Բժշկի խոսքով, հիվանդներին հիմնականում հետաքրքրում է. կարո՞ղ է արդյոք ճողվածքը կրկնվել։ Դրա հավանականությունը ամբողջ աշխարհում կազմում է 7-10 տոկոս, և հենց այդ հավանականությունը նվազեցնելու համար կիրառվում է ողերի տրանսպեդիկուլյար  ֆիքսացիա։ Խոսքը կրկին էնդոսկոպիկ եղանակով կատարվող վիրահատության մասին է, երբ ճողվածքի հեռացումից հետո ֆիքսվում է վերևի և ներքևի ողը, ինչը զգալիորեն կանխարգելում է ճողվածքի կրկնումը, նաև հիվանդին ազատում է «չի կարելի» գաղափարից։ «Այսինքն, մենք էլ չենք ասում հիվանդին՝ Ձեզ 10 օր չի կարելի ֆիզիկական աշխատանքով զբաղվել։ Վիրահատությունից հետո հիվանդը ինչ ցանկանում է, կարող է անել», - ասաց նա։ 

Ճողվածքների հեռացման էնդոսկոպիկ մեթոդը Հայաստանում Արման Հակոբյանն է ներդրել 15 տարի առաջ։ Մի քանի տարի է նրա թիմը հաջողողությամբ իրականացնում է տրանսպեդիկուլյար ֆիքսացիան։ Հիմնականում, վիրահատում են գոտկային և պարանոցային հատվածները, շուտով նաև կսկսեն վիրահատել կրծքային ճողվածքները։

«Կրծքային հատվածի ճողվածքները որոշակիորեն տարբերվում են մնացած հատվածներից և դրանց վիրահատությունը և մոտեցումները՝ նույնպես։ Այսինքն վիրահատել կրծքային հատվածի ճողվածքը այն գործիքներով և այն մոտեցմամբ, ես ի նկատի ունեմ, թե էնդոսկոպիկ, թե բաց եղանակը, բավականին սխալ է։ Բոլոր առաջատար կլինիկաներում կրծքային հատվածի ճողվածքները վիրահատվում են տրանսթորակալ էնդոսկոպիկ եղանակով, այսինքն կրծքավանդակից դեպի ողնաշար։  Մենք սերտ կապեր ունենք Բելգիայի համալսարանական կլինիկաներց մեկի հետ և նախատեսում ենք այս տարի այդ մեթոդիկան ներդնել Հայաստանում», - պատմեց Արման Հակոբյանը։

«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժները ներդրել են նաև մեկ այլ ժամանակակից մեթոդ՝ վերտեբրոպլաստիկան։ Դա ոսկրային ցեմենտի ներարկումն է ողի մարմնի մեջ՝ ախտահարման կամ կոտրվածքի դեպքում։

«Ունենք հազարին մոտ հասնող կատարված վիրահատություններ շատ լավ արդյունքով։ Վերտեբրոլպլաստիկան համարվում է մինիմալ ինվազիվ վիրահատություն և էությունը կոտրած կամ ախտահարված, ողի ոսկրային մարմնի մեջ ցեմենտի ներարկումն է։ Այն, քարանալով, ամրապնդում է ողը՝ վերականգնելով ողնաշարի հենաշարժողական ֆունկցիան։ Նույն մեթոդիկան կիրառվում է նաև ողնաշարի մետաստատիկ ուռուցքների ախտահարումների դեպքում կամ առաջնային ուռուցքների դեպքում՝ կիրառելով կամ համադրելով  ցեմենտավորումը պտուտակներով ֆիքսացիոն համակարգի տեղադրման հետ։  Մենք կարողանում ենք այդ մարդկանց, եթե չասեմ բուժել ամբողջությամբ, ապա բարելավել իրենց կյանքի որակը», – ասաց նա։

Շուտով «Նաիրի» բժշկական կենտրոնում հասանելի կլինի նաև մեկ այլ նորարարական բուժական մեթոդ՝ բրախիթերապիան, որը կիրառվում է գլխուղեղի ուռուցքների կամ մետաստազների ճառագայթման համար։ 

«Կա մի նորարարական մեթոդ, որը կոչվում է բրախիթերապիա։ Դրա էությունը ռադիոակտիվ, փոքր էլեմենտների ներդրումն է մետաստազի մեջ։

Առավելությունը, բացի նրանից, որ այդ ուռուցքը ճառագայթվում է ներսից, այն է, որ հիվանդը որևիցե սպառնալիք չի ներկայացնում, թե՛ իր ընտանիքի, թե՛ հասարակության համար։ Այսինքն՝  տեղադրելով այս տարրերը, մենք չենք ասում հիվանդին՝ դու պետք է մնաս որևիցե փակ տարածքում։ Նա կշարունակի իր առօրյա կյանքը, աշխատանքը, շփումը մարդկանց հետ՝ չներկայացնելով որևէ վտանգ, հաշվի առնելով, որ ռադիոակտիվ էլեմենտ է տեղադրված իր գլխուղեղում։ Եվ այդ ժամանակահատավածում այդ էլեմենտը ռադիոակտիվ կճառագայթի ուռուցքը», - ասաց Արման Հակոբյանը։

Այս մեթոդը ներդնելու համար բուժկենտրոնը ձեռք է բերել համապատասխան արտոնագիր, որով ռադիոակտիվ էլեմենտները ներկրելու և օգտագործելու թույլտվություն է ստացել, իսկ կլինիկայի մասնագետներն անցել են համապատասխան վերապատրաստում։