Կնոջ կյանքում հաճախ են դրվագներ լինում (գլխավորապես՝ ամիսը մեկ անգամ), երբ սկսում է ամեն ինչ ու բոլորին ատել: Թե իրենք՝ կանայք եւ թե տղամարդիկ վաղուց են նկատել, որ տրամադրության այդպիսի փոփոխությունները դաշտանային ցիկլի հետ են կապված: Հենց այս պարագայում է, որպես «գժական» վարքի մեղմասություն, նախադաշտանային համախտանիշ եզրույթը շրջանառության մեջ մտել: Այդուհանդերձ, Medical Daily-ի հավաստմամբ, երեւույթի հետ կապված որոշ մոլորություններ եւս տարածում են գտել:
Գլխավոր թյուրընկալումն այն է, թե նախադաշտանային համախտանիշն ու դաշտանային փուլը համափոխարինելի եզրույթներ են: Իրականում նախադաշտանային համախտանիշը արյունահոսության առաջին նշաններից դեռեւս 7-14 օր առաջ է ի հայտ գալիս, երբ, նախքան ձվազատումը, արգանդի լորձաթաղանթի ձեւավորման ընթացքում, էստրոգենի եւ պրոգեստերոնի մակարդակի կտրուկ աճ է նկատվում, ինչը կարող է ոչ միայն վերարտադրողական օրգանների, այլ նաեւ՝ ուղեղի աշխատանքի վրա անդրադառնալ:
Նախադաշտանային համախտանիշի դրսեւորման ընթացքում ուղեղի՝ էմոցիաների վերահսկման համար պատասխանատու հատվածի՝ նշիկի ակտիվության աճ, ինչպես նաեւ բարձր տրամադրություն ստեղծող սերոտոնինի եւ հանգստացուցիչ ազդեցությամբ աչքի ընկնող գաբա նյարդային հաղորդչի ցածր ակտիվություն է նկատվում, ինչը կարող է սթրեսի եւ անհանգիստ վիճակի առաջացման պատճառ դառնալ: Ընդհանուր առմամբ, վերը նկարագրված ազդեցությունը այս կամ այն չափով կանանց 50-80 տոկոսի մոտ ի հայտ գալու միտումներ է դրսեւորում:
Դաշտանային փուլի մեկնարկից հետո, բեղմնավորման բացակայության պարագայում, վերը հիշատակված հորմոնների մակարդակի անկում է նկատվում, քանի որ օրգանիզմը ազդակ է ստանում առ այն, որ ապագա պտղի համար ստեղծված լորձաթաղանթի պահպանման կարիքն այլեւս չկա: Արդյունքում դաշտանային հոսքն է «կազմակերպվում»՝ քայքայված թաղանթի՝ հեշտոցով արտանետման համար, ինչը կարող է 2-7 օր տեւել:






