Լոնդոնի Հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ ծննդաբերության ստիմուլյացիան հղիության 39-րդ շաբաթում կարող է նվազեցնել վատ շրջաններում ապրող կանանց եւ առաջին անգամ ծննդաբերող կանանց ծննդաբերության անբարենպաստ ելքը։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։
Ծննդաբերությունները համարվում են ժամանակին, երբ տեղի են ունենում հղիության 37-ից 41-րդ շաբաթներին։ Կանանց 90 տոկոսը ծննդաբերում է մինչեւ 41 շաբաթը, բայց շարունակվում են վեճերն այն մասին, թե արժե արդյոք առաջարկել ծննդաբերության ստիմուլյացիա 39 շաբաթականում. որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դա կարող է նվազեցնել բարդությունների վտանգը։ Ստիմուլյացիայի այլընտրանքը սպասման տակտիկան է, որի դեպքում կնոջը թույլ են տալիս պտուղը հասցնել 41-42 շաբաթի։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տակտիկայի ընտրությունը կարող է կախված լինել կնոջ սոցիալ-տնտեսական վիճակից։ Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են մայրերի հոսպիտալացման բոլոր դեպքերը, որոնք գրանցվել են Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունում 2018թ. հունվար-2021թ. մարտ ընթացքում։ Ուսումնասիրությունը ներառել է 501 072 կանանց, որոնք ունեցել են հղիության ռիսկի ցածր մակարդակ եւ դեռ չէին ծննդաբերել 39 շաբաթականում։ Նրանցից 47 352-ին (9,5 տոկոս) 39-րդ շաբաթում ծննդաբերության ստիմուլյացիա է արվել։
3,3 տոկոսի մոտ (47 352-ից 1 555-ը) տեղի է ունեցել անբարենպաստ ելք. նորածինը մահացել է, եղել է մեռելածնություն կամ այլ ծննդաբերական բարդություններ։ Սպասող տակտիկայի խմբում կանանց 3,6 տոկոսի մոտ (16 525 453 720-ից) եղել է անբարենպաստ ելք։
Տվյալների ճշտումից հետո հետազոտողները հայտնաբերել են, որ ծննդաբերության ստիմուլյացիան ամենամեծ օգուտն է բերել այն կանանց, որոնք եղել են սոցիալ-տնտեսական ավելի անբարենպաստ շրջաններից, եւ նրանց, ովքեր առաջին երեխան են ունեցել։ Հեղինակներն ընդգծել են լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը, որպեսզի ավելի ստույգ գնահատեն ծննդաբերության ստիմուլյացիայի ռիսկերն ու օգուտը։






