Մաունթ-Սինայի կլինիկայի եւ Կարոլինայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ծնողներից ցանկացածի հոգեկան խանգարումը բարձրացնում է երեխայի վաղաժամ ծնվելու հավանականությունը։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։

Վաղաժամ ծննդաբերությունները կապված են նորածինների առողջության համար բացասական հետեւանքների հետ։ Վաղուց հայտնի է, որ հոգեբուժական ախտորոշումներ ունեցող կանայք ենթակա են վաղաժամ ծննդաբերելու բարձր ռիսկին։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հոր հոգեբուժական ախտորոշումը եւս կապված է վաղաժամ ծննդաբերության հետ։

Գիտնականներն ուսումնասիրել են Շվեդիայում նորածինների ողջ ծնվելու մասին բոլոր տվյալները (ծնողները ծնված են եղել Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Դանիայում եւ Իսլանդիայում) 1997-2016թթ. ընթացքում։ Նրանք դիտարկել են 1,5 մլն ծննդաբերությունների տվյալները, որոնց դեպքում նորածինների 15 տոկոսը ծնվել է հոգեբուժական ախտորոշում ունեցող ծնողներից։

Այդ ախտորոշումը չունեցող ծնողների պարագայում վաղաժամ ծննդաբերությունները կազմել են 5,7 տոկոս։ Եթե ախտորոշում ունեցել է հայրը, վաղահաս ծնվել է նորածինների 6,3 տոկոսը, իսկ եթե մայրը՝ 7,3 տոկոսը։ Եթե երկու ծնողներն էլ ունեցել են ախտորոշում, ծննդաբերությունների 8,3 տոկոսն է եղել ժամանակից շուտ։ Ռիսկն ավելի մեծ էր, եթե ծնողներն ունեին մի քանի հոգեկան խանգարումներ։

«Վաղաժամ ծննդաբերությունները կարող են նորածինների մոտ հանգեցնել լուրջ բարդությունների, եւ, դատելով կլինիկական փորձից, այդ իրադարձությունների պատասխանատվությունը սովորաբար դրվում է մոր վրա։ Մինչ մոր վարքը պատմականորեն կապված է խանգարումների լայն ընդգրկման հետ, ներառյալ դեպրեսիան, աուտիզմը, շիզոֆրենիան եւ անգամ սննդային ալերգիան, հոր ավանդը մոռացված, բայց կենսականորեն կարեւոր թեմա է եղել երեխայի զարգացման գործում»,- նշել է  բժշկական գիտությունների դոկտոր, Իկանի դպրոցի հոգեբուժության ամբիոնի դոցենտ եւ հոդվածի հեղինակ Մայքլ Սիլվերմանը։

Հեղինակների խոսքով՝ ապագա հետազոտությունները պետք է ուսումնասիրեն, թե արդյոք կարող են լրացուցիչ սոցիալական աջակցությունը եւ մինչծննդաբերական խնամքը դրական հոգեբուժական անամնեզ ունեցող ընտանիքների համար ազդել հղիության վրա։