44–ամյա Սուսաննան, որի մոտ երեք տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել, մինչ օրս մարում է բուժման ծախսի պարտքը։ Չնայած քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժումը Հայաստանում իրականացվում է պետպատվերով, մնացած այլ ծառայությունների և դեղերի ձեռք բերման համար նա ստիպված է եղել ոսկի գրավ դնել, վարկ և պարտք վերցնել, և այդ գումարը կազմել է մոտ երկու միլիոն դրամ, NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում պատմում է Սուսաննան։
Նրան անցյալ տարի տրամադրվել է հաշմանդամության երրորդ կարգ, որը հնարավորություն էր տալիս անհրաժեշտ հետազոտություններն անցնել պետպատվերով։ Սակայն այս տարի նա զրկվել է կարգից այն հիմնավորումով, որ այլևս չունի առողջական խնդիր։ Բայց նա դեռ կարիք ունի վեց ամիսը մեկ հետազոտվելու, և դրա համար ստիպված է կրկին իր գրպանից վճարել։
«Ես հիմա ի՞նչ անեմ․պետպատվերը արդեն վերջացավ, ԿՏ և մնացած ամեն բան ստիպված եմ իմ միջոցներով անել։ Ես դեղատան աշխատող եմ, ու նման գումարներ վճարելն ինձ համար դժվար է՝ չհաշված, որ նախկին պարտքերն էլ դեռ առկա են։
Այս տարի շատերին են հաշմանդամության կարգից զրկել, անգամ այն հիվանդներին, որոնք պետք է երկրորդ տարին կարգ ստանային։ Մեզ նման հիվանդները չպետք է անընդհատ մտածեն գումարի մասին։ Երբ ասացին, որ ինձ մոտ չարորակ ուռուցք է, հարկավոր է վիրահատություն կատարել, իմ ուղեղում ոչ թե այն էր, որ ես քաղցկեղով հիվանդ եմ, այլ՝ գումար որտեղից պետք է գտնեմ, որ այս ամենը անեմ։ Հետո ինձ ասացին, որ անվճար վիրահատության հնարավորություն ունեմ․ անչափ ուրախացել էի, բայց չէի մտածում, որ այդքան ծախս պետք է անեմ, մինչեւ հասնեմ այդ վիրահատությանը»,-ասում է Սուսաննան։
Երեք տարի առաջ՝ սեպտեմբերին, կինը աշխատավայրում պատահաբար դիպչել է սեղանին և կրծքում ցավ զգացել։ Այդ դեպքից հետո վարակվել էր Covid19-ով և չէր կարողացել գնալ հետազոտման։ Արդեն նոյեմբերին, երբ ապաքինվել էր, դիմել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն և անցել մամոգրաֆիկ հետազոտություն։ Բժիշկները նրան առաջարկել էին կատարել բիոպսիա։ Հետագա բուժումը ստանալու համար Սուսաննան դիմել էր Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Բիոպսիայի տվյալներով՝ հաստատվել էր չարորակ ուռուցք՝ 75% ակտիվությամբ։
«Կուրծքս արդեն ծանրացել էր, նեղություն էր տալիս ու ցավոտ էր։ Իմ դեպքում ինձ ասել էին՝ պետք է ցավ չունենամ, քանի որ չարորակ ուռուցք է, բայց ինձ մոտ ամբողջ ընթացքում ցավ կար»,- պատմում է Սուսաննան։
Նրա վիրահատությունը կատարվել է պետպատվերով, այնուհետև ստացել է քսանհինգ կուրս ճառագայթային բուժում՝ ևս անվճար։ Սակայն ճառագայթումից առաջ կատարվող ԿՏ հետազոտությունը պետպատվերը չէր ծածկում. դրա համար Սուսաննան վճարել է հիսուն հազար դրամ։
Այնուհետև նշանակվել է 16 կուրս քիմիաթերապիա, որը Հայաստանում պետպատվերը ծածկում է մասնակի։ Սակայն Սուսաննան պատմում է՝ երբ հիվանդանոցում գնում էր պետպատվերով դեղորայք ստանալու, ասում էին, որ այն վերջացել է, և նա պետք է ինքնուրույն գնի։ Դեղորայքից մեկը «Քսելոդան» էր, որի մեկ հաբը արժեր 980 դրամ, և այն պետք է ընդուներ վեց ամիս՝ օրը ութ անգամ։
«Պատկերացնու՞մ եք՝ ինչ գումար է կազմում։ Գումարայինը ուղեղդ ուտում է, կրծում։ Մոտ երկու միլիոնից ավել գումար է ծախսվում, և՛ ախտորոշելու ընթացքում, և՛ հետո։ Մի խոսքով՝ անընդհատ գումար ես ծախսում»,-ասում է Սուսաննան։
Նա հավելում է, որ պետպատվերի շրջանակում հնարավորություն կար նաև օնկոմարկերների հետազոտություն անցնել, սակայն կինը չի կարողացել օգտվել այդ հնարավորությունից՝ հիվանդանոցներում օնկոմարկերների բացակայության պատճառով։
Սուսաննան ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Բուժման ամբողջ ընթացքում աշխատել է, որպեսզի կարողանա իրեն ապահովել գումարով և լիարժեք զգալ։
«Վիրահատությունից տասը օր հետո աշխատել եմ, ու անգամ քիմիաթերապիայի ընթացքում եմ աշխատել, ինքս ինձ ծրագիր էի տվել, որ պետք է չպառկեմ»,-ասում է Սուսաննան։






