Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը,  Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն անդրադարձել են հիվանդության կանխարգելմանը և բուժման պետական ծրագրերին` կարևորելով պատվաստումների անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:

«Իրազեկման այս արշավը լավ հնարավորություն է ներկայացնելու հեպատիտների կանխարգելման, դրա վերահսկման ուղղությամբ մեր կողմից տարված աշխատանքները, ինչպես նաև ձեր օգնությամբ իրազեկելու մեր բնակչությանը ոչ միայն իրականացվող ծրագրերի մասին, այլև հանդես գալ կոչով, որպեսզի իրենք նույնպես անցնեն թեստավորում` իմանալու իրենց առողջական վիճակի մասին և ստանալու անհրաժեշտ բուժում, որը պետության կողմից անվճար է տրամադրվում»,- նշել է Լենա Նանուշյանը:

2020 թվականից առողջապահության նախարարությունը հեպատիտ Ց-ով հիվանդ պացիենտներին դեղորայքը տրամադրում է անվճար` պետպատվերով: Եթե առաջին տարում անվճար դեղորայք հատկացվել է 500 պացիենտի, ապա 2023 թվականին արդեն ձեռք է բերվել 1800 բուժառուի համար:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալը ներկայացնում է հիվանդության վաղ հայտնաբերման ու բուժմանն ուղղված բոլոր ծրագրերը` նպատակը 2030 թվականին հիվանդության էլիմինացիայի (մարում) հասնելն է:

Հեպատիտ Բ-ի և հեպատիտի Ց-ի հայտնաբերման համար բնակչության շրջանում անվճար իրականացվում է ՊՇՌ թեստեր: Քաղաքացիները կարող են հետազոտվել առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդութոյունների ազգային կենտրոնում, պոլիկլինիկաներում, ինչպես նաև հիվանդության հայտնաբերման համար կենտրոնի շարժական կլինիկաները հասնում են հեռավոր մարզեր: Ախտորոշման հաստատման դեպքում ամբողջ բուժումն իրականացվում է անվճար` պետպատվերով:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը խոսել է մեր երկրում այս հիվանդության բուժման եղանակների մասին:

«Ըստ 2018 թվականի հետազոտության, հեպատիտի բեռի գնահատման՝ հեպատիտ C–ի կրողների թիվը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես 4 տոկոսը (շուրջ 66 հազար մարդ), իսկ հեպատիտ B–ի կրողների թիվը` 2 տոկոս (ավելի քան 46.5 հազար մարդ)։ Այսինքն` այսքան մարդ այս երկու վիրուսային հեպատիտների քրոնիկական կրողներ են։ Շատ քչերը գիտեն իրենց ստատուսի մասին և գտնվում են բուժման մեջ»,–ասել է Աթոյանը։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյան ներկայացրել է քրակատարողականներում հեպատիտիների հայտնաբերման և բուժման կարգը: Արդեն քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն հեպատիտիների հայտնաբերումը, այլև բուժումն իրականացվում է ամբողջովին անվճար, նշել է նա։