Ակտիվ գործունեության 4,5 րոպեն կարող է 32 տոկոսով նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը, պարզել են Սիդնեյի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Oncology ամսագրում։

Փորձին մասնակցել է 22 398 մարդ, որոնք շաբաթվա ընթացքում կրել են սարքեր ամենօրյա ակտիվությունը չափելու համար եւ չեն զբաղվել մարզումներով։ Պացիենտների միջին տարիքը 62 տարեկան էր։ Յոթ տարի անց գիտնականները գնահատել են ակտիվության տարբեր մակարդակ ունեցող մասնակիցների քաղցկեղով հիվանդացությունը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եռանդուն ֆիզիկական ակտիվության ընդամենը չորս-հինգ րոպեն ամենօրյա խնդիրները կատարելիս քաղցկեղի առաջացման ընդհանուր հավանականությունն իջեցրել է 18 տոկոսով, իսկ անբավարար ակտիվության հետ կապված քաղցկեղի տեսակների հավանականությունը՝ 32 տոկոսով։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ սպորտով չզբաղվող մեծահասակներն ունենում են կաթնագեղձի, էնդոմետրիայի եւ հաստ աղիի քաղցկեղի բարձր հավանականություն։

Ընդհատվող ֆիզիկական ակտիվությունը մոտ մեկ րոպե ակտիվության բռնկումներն են, որոնք ստիպում են, որ շնչառությունը հաճախակիանա։ Օրինակները ներառում են ակտիվ աշխատանքը տանը, ծանր պայուսակները խանութից քարշ տալը, զբոսանքը կամ եռանդուն խաղերը երեխաների հետ։

Գիտնականների կարծիքով՝ ակտիվության այսպիսի էֆեկտը կարող է կապված լինել ինսուլինի հանդեպ զգայունության բարելավման եւ քրոնիկական բորբոքման նվազման։ Հետազոտությունը կրել է դիտորդական բնույթ, ուստի նրա եզրահանգումները ցույց են տալիս միայն ասոցիացիայի առկայությունը, այլ ոչ թե պատճառահետեւանքային կապերը։