Լինքոլնի Նեբրասկայի համալսարանի գիտնականները պարզել են, որ նանոպլաստիկի միլիարդավոր մասնիկներ են անջատվում միկրոալիքային վառարանում մանկական սնունդը պլաստիկե կոնտեյներներում տաքացնելիս։ Հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում։
Գիտնականները փորձեր են կատարել մանկական սննդի երկու կոնտեյներներով, որոնք պատրաստված էին պոլիպրոպիլենից, ինչպես նաեւ բազմակի օգտագործման պոլիէթիլենային փաթեթով։ Երկու նյութերն էլ արժանացել են ԱՄՆ սննդանյութերի եւ դեղանյութերի որակի սանիտարական վերահսկման վարչության հավանությանը։
Կոնտեյներները լցրել են կամ ապաիոնացված ջրով, կամ 3 տոկոսանոց քացախաթթվով (վերջինը նախատեսված է կաթնամթերքների, մրգերի, բանջարեղենների եւ այլ թթու մթերքների նմանակման համար), իսկ հետո տաքացրել են լրիվ հզորությամբ երեք րոպե, 1 000 վատանոց միկրոալիքային վառարանում։
Որոշ դեպքերում կոնտեյների մեկ քառակուսի սանտիմետրին բաժին է ընկել նանոպլաստիկի ավելի քան երկու միլիարդ մասնիկ եւ 4 մլրդ միկրոպլաստիկի մասնիկ։
Այս մասնիկները թեստավորել են կուլտիվացվող սաղմնաբջիջներում, լաբորատորիայում. երիկամների բջիջների 75 տոկոսը ոչնչացել է միկրո- եւ նանոպլաստիկի ազդեցությունից երկու օր հետո։
«Մենք պետք է գտնենք պոլիմերներ, որոնք ավելի քիչ մասնիկներ են առաջացնում։ Հավանաբար, հետազոտողները կկարողանան մշակել նյութեր, որոնք որեւէ միկրո- կամ նանոպլաստիկ չեն անջատում, իսկ եթե անջատում էլ են, ապա աննշան քանակությամբ»,- նշել են գիտնականները։
Չնայած միկրո- եւ նանոպլաստիկի ազդեցությունը մարդկանց առողջության վրա առայժմ պարզ չէ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022թ. հաշվետվությունում խորհուրդ է տրվել սամանափակել այդ մասնիկների ազդեցությունը։






