Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում վերականգնված Ծաղիկ Վարդանյանն այսօր արդեն անցել է աշխատանքի: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց, որ առայժմ ծանոթանում է ներկա իրավիճակին, որպեսզի կարողանա իրականացնել իր ծրագրերը։

Այս պահին դժգոհ է առաջարկած աշխատանքային պայմաններից։ Ասում է. «մանր–մունր, մանկական խոչընդոտներ կան»։

«Նախկին պետի կաբինետը ցանկություն չունեն տալու, այլ կաբինետ են առաջարկում: Ես էլ բանակցությունների մեջ եմ, որովհետև այդ կաբինետը պայմաններով շատ ավելի վատն է, հարմարեցված չէ: Պետք է աշխատանքային պայմանները լավ լինի, որպեսզի կարողանամ աշխատել: Տեղից էլ մեր շենքը շատ հին է, վատն է, և այդ սենյակը բավականին խոնավ է: Ես փորձեցի կողքով անցնել, արդեն մկները պտտվում էին այդտեղ, այդպիսի վիճակ է»,- ասաց նա։

Ծրագրերից մեկը, որը Ծաղիկ Վարդանյանը նախատեսում է իրականացնել, կապված է առողջության համապարփակ ապահովագրության հետ:

«Որոշակի նախաձեռնություններ ունեմ առողջության համապարփակ ապահովագրության հետ կապված, որոնք անպայման թղթին տված կներկայացնեմ, ինչպես նաև կան այլ ծրագրեր: Չգիտեմ՝ երբ կլինեն բարեփոխումները, սա դեռ առաջին օրն է: Եթե հավատանք նրան, ինչը հրապարակվել է, ապա մինչև տարվա վերջ պետք է  պետական առողջապահական գործակալությունը լուծարվի, և ստեղծվի առողջության ապահովագրության հիմնադրամ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել էր աշխատանքից անցյալ տարի: Նրան հայտարարվել էր երկու խիստ նկատողություն, որից հետո Անահիտ Ավանեսյանը նրան աշխատանքից ազատել է։ Վարդանյանը դիմել էր դատարան, վիճարկելով Անահիտ Ավանեսյանի որոշման օրինականությունը։ Դատարանը որոշում է կայացրել վերջինիս իր պաշտոնում վերականգնելու և վնասը փոխհատուցելու մասով։