Հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում մոտ 1,5 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 2,5 հազար մարդ մահացել է։ Վարակման դեպքերի թիվն ավելացել է 80 տոկոսով՝ նախորդ 28 օրերի համեմատ, իսկ մահացու ելքով դեպքերի թիվը նվազել է 57 տոկոսով, տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Կազմակերպությունը երկրներին կոչ է արել աջակցել հիվանդության մասին վաղ նախազգուշացման համակարգին եւ բուստերային պատվաստում ստանալ բարձր ռիսկի խմբերում։

ԱՀԿ-ում ուշադրություն են դարձրել կորոնավիրուսի օմիկրոն շտամի EG.5 տարբերակի տարածման աճին։ Օգոստոսի 9-ի դրությամբ այն հայտնաբերվել է 48 երկրներում։ «EG.5-ն, իր աճի եւ իմունիտետից խուսափելու բնութագրերից ելնելով, կարող է առաջ բերել հիվանդացության աճ եւ դառնալ գերակշռող որոշ երկրներում կամ նույնիսկ ամբողջ աշխարհում»,- նման եզրահանգման են եկել փորձագետները։

137 տոկոսով հիվանդացության աճ է նկատվել հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 6-ը Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այն դեպքում, երբ ԱՀԿ մնացած հինգ տարածաշրջաններում այն նվազել է։ Մահացությունը նվազել է բոլոր վեց տարածաշրջաններում, ընդ որում՝ հատկապես ուժեղ՝ 71 տոկոսով, Եվրոպայում, Հարավարեւելյան Ասիայում (65) եւ Աֆրիկայում (62 տոկոսով)։  Չորս շաբաթում ամենից շատ հիվանդացողներ են հայտնաբերվել Կորեայի Հանրապետությունում՝ 1 278 065։ Այնուհետեւ հաջորդում են Բրազիլիան (34 402), Ավստրալիան (19 754), Սինգապուրը (18 914) եւ Իտալիան (15 769)։ Բրազիլիայում գրանցվել է մահացածների ամենամեծ թիվը հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 6-ը՝ 500։ Հաջորդը Կորեայի Հանրապետությունն է (340), Ռուսաստանը (205), Պերուն (161) եւ Ավստրալիան (151)։