Մաունթ Ռոյալի համալսարանի գիտնականների խումբն օգտագործել է բերանի խոռոչի ողողման պարզ հեղուկը՝ ստուգելու համար, թե կարելի է արդյոք լեյկոցիտների մակարդակը (լնդերի բորբոքման ցուցիչ) առողջ մեծահասակ մարդկանց թքի մեջ կապել սիրտ-անոթային հիվանդությունների նշանների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Oral Health ամսագրում։
Հետազոտողները հայտնաբերել են, որ լեյկոցիտների բարձր մակարդակը հարաբերակցվում է անոթների ընդլայնման միջնորդավորված հոսքի խախտման հետ, ինչը զարկերակների վատ վիճակի վաղ ցուցիչ է։
Պարոդոնտիտը լնդերի տարածված վարակ է, որը մինչ այդ կապում էին սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հետ. գիտնականները ենթադրում են, որ բորբոքային գործոնները կարող են հայտնվել արյան մեջ լնդերի միջոցով եւ վնասել անոթային համակարգը։
Գիտնականները հավաքագրել են 18-30 տարեկան 28 չծխող մարդկանց, որոնք ուղեկցող հիվանդություններ չեն ունեցել եւ չեն օգտագործել դեղամիջոցներ, որոնք կարող էին ազդել սիրտ-անոթային ռիսկի վրա, ինչպես նաեւ անամնեզում չեն ունեցել պարոդոնտի հիվանդություններ։ Լաբորատորիա այցելելուց առաջ նրանց խնդրել են վեց ժամ բան չուտել եւ միայն ջուր օգտագործել։
Լաբորատորիայում մասնակիցները բերանը ողողել են ջրով, ինչից հետո ողողել են ֆիզլուծույթով, որը վերցվել է անալիզի համար։ Հետո մասնակիցները 10 րոպե պառկել են էլեկտրասրտագիր անցնելու համար եւ պառկած են մնացել եւս 10 րոպե, որպեսզի գիտնականները կարողանան չափել նրանց զարկերակային ճնշումը, անոթների հոսքային-միջնորդավորված ընդլայնումը եւ զարկերակային ալիքի արագությունը։
Հետազոտողները հայտնաբերել են, որ լեյկոցիտների բարձր պարունակությունը թքի մեջ զգալի կապ ունի զարկերակների վատ հոսքային-միջնորդավորված ընդլայնման հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ մարդիկ կարող են ենթարկվել սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու բարձր ռիսկի։
Գիտնականները ենթադրել են, որ բորբոքային պրոցեսը բերանի խոռոչում, թափանցելով անոթային համակարգ, ազդում է ազոտի օքսիդ արտադրելու զարկերակների ունակության վրա, ինչը թույլ է տալիս նրանց արձագանքել արյան շրջանառության փոփոխությանը։






