Նոր ուժեղ մուտացված վիրուսի տեսակը, որն առաջ է բերում Covid-19, երկրներին ստիպել է զգուշանալ, քանի որ գիտնականները փորձում են հասկանալ, թե որքան է այն տարածված, եւ որքան լավ կարող է մեր իմունիտետը պաշտպանել մեզ նրանից, տեղեկացրել է CNN-ը։

Նոր տեսակը, որը կոչվում է BA.2.86 եւ սոցցանցերում անվանվել է «Pirola», ունի ավելի քան 30 ամինաթթվային փոփոխություններ իր սպայկ-սպիտակուցում՝ մերձավոր «ազգակցի»՝ BA.2 Omicron ենթատեսակի համեմատ, ըստ դոկտոր Ջեսի Բլումի, որն ուսումնասիրում է վիրուսների էվոլյուցիան Ֆրեդ Հաթչինսոնի ինստիտուտում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի BA.2.86-ին տվել է «տեսակ, որը գտնվում է մշտադիտարկման տակ» կարգավիճակ, ինչը երկրներին մղում է հետեւել հայտնաբերված հաջորդականությունները եւ տեղեկացնել դրանց մասին։

Մշտադիտարկվող տեսակը, որն առաջ է բերում ավելի ծանր հիվանդություն կամ չի ենթարկվում գոյություն ունեցող պատվաստանյութերին ու բուժման մեթոդներին, կարող է ներառվել այն տեսակների ցուցակում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում, կամ այն տեսակներին, որոնք անհանգստացնում են ԱՀԿ-ին։ XBB.1.5-ը, XBB.1.16-ը եւ EG.5-ը թվարկված են որպես հետաքրքրություն ներկայացնող տեսակներ։ ԱՀԿ-ն չի նշել որեւէ տարբերակ, որը կարող է մտահոգություն առաջացնել։

Միայն վեց հաջորդականություններում BA.2.86 գրանցվել է չորս երկրներում, բայց համաճարակաբանները մտահոգված են այն բանով, որ դրանք կարող են շատ ավելին լինել, քանի որ տեսակների մշտադիտարկումն ամբողջ աշխարհում դադարել է։

Այս տարբերակը կիրակի Իսրայելում հայտնաբերել են գիտնականները։ Այդ ժամանակվանից Դանիան տեղեկացրել է երեք դեպքի մասին։ Եվս երկու դեպքի մասին տեղեկացվել է Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում։

«Կորոնայի համար անսովոր է այդքան զգալի փոփոխվել եւ 30 նոր մուտացիա առաջացնել։ Վերջին անգամ նման շատ փոփոխություններ մենք նկատել ենք օմիկրոնի ժամանակ»- ասել է Statens Serum Institut-ի ավագ գիտաշխատող Մորտեն Ռասմուսենը։

Ինստիտուտի տվյալներով՝ երեք դեպքերը Դանիայում գրանցվել են երկրի տարբեր մասերում, այն մարդկանց մոտ, որոնք, ամենայն հավանականությամբ, իրար հետ չեն շփվել։

SSI-ի գիտնականներն ընդգծել են, որ առայժմ շատ վաղ է ասել որեւէ բան նոր տեսակի լրջության կամ վարակելիության մասին։ Նրանք գտնվում են վիրուսի տեսակի աճեցման գործընթացում, որպեսզի թեստավորեն այն մարդկային հակամարմիններում։