Բեռլինում աշխարհահռչակ Charite («Շարիտե») կլինիկայի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել երկու հիվանդի սպանության համար։
«Բեռլինի դատախազությունը Բեռլինի շրջանային դատարանում Charite-ում աշխատող 56-ամյա սրտաբանին մեղադրանք է առաջադրել ստոր դրդապատճառներով նենգ սպանության երկու հոդվածներով», - ասվում է դատախազության հայտարարության մեջ։
Բացի այդ, սպանություններից մեկին մեղսակցության մեջ կասկածվում է նաև 39-ամյա բուժքույրը։
Ըստ դատախազության տվյալների, 2021 թվականի նոյեմբերի 22-ին ամբաստանյալը հրամայել է չորս բուժքույրերի դադարեցնել 73-ամյա հիվանդի բարեհաջող վերակենդանացումը։ Դրանից հետո գործով կասկածյալ բուժքրոջը հանձնարարել է հիվանդին հանգստացնող դեղամիջոցի մահացու չափաբաժին տալ։ Սպասվածին հակառակ՝ հիվանդը չի մահացել, որից հետո մեղադրյալը նրան ևս մեկ չափաբաժին է ներարկել, որն արդեն հանգեցրել է հիվանդի մահվան։
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 23-ին, երբ ամբաստանյալը 73-ամյա կնոջը մի քանի չափաբաժին հանգստացնող դեղամիջոց է ներարկել, ինչի հետևանքով նա մահացել է։
Դատախազության կարծիքով, ամբաստանյալը եսասիրական դրդապատճառներ է ունեցել․ նրան դուր է եկել հնարավորություն ունենալ որոշելու, թե կոնկրետ երբ են մահանալու իր հիվանդները։ Դատախազներն այժմ հետաքննում են, թե, արդյո՞ք, մեղադրյալը կապ է ունեցել Charite-ում այլ հիվանդների մահվան հետ:






