Սրտանոթային հիվանդություններն աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում հիվանդացության եւ մահացության ցուցանիշով, եւ Հայաստանը բացառություն չէ: Ընդ որում՝ թվերն անընդհատ աճում են։ Ինչո՞վ է դա պայմանավորված, եւ ե՞րբ է սրտի հիվանդությամբ անձը դառնում սրտային վիրաբույժի պացիենտ։ Այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը խոսել է «Բեսթ Լայֆ» բուժկենտրոնի սրտային վիրաբույժ Արման Քոչարյանի հետ։
Ինչո՞ւ են սրտանոթային հիվանդություններն առաջին տեղում: Խոսքը գենետիկայի, թե՞ ապրելակերպի մասին է:
«Երկուսն էլ։ Ժառանգականությունը, կլիման, սննդակարգը, ապրելակերպը, ինչպես նաեւ սթրեսները սրտանոթային համակարգի վրա ազդող հիմնական գործոններն են»,- ասում է Քոչարյանը։
Բժշկի խոսքով՝ մարդիկ, որոնք շատ ծովամթերքներ են օգտագործում, որոնցում քիչ խոլեստերին կա, ավելի քիչ են ենթարկվում սրտանոթային հիվանդությունների վտանգի։ Բայց եթե ամբողջ երկրագունդը վերցնենք որպես ամբողջություն, ապա այսօր մարդկանց սնունդը բարձրորակ չէ: Երկրի բնակչությունն աճել է, եւ սննդի բնական պաշարները պակասում են, ինչը ազդում է մարդկանց մեծամասնության սննդակարգի որակի վրա:
Ռիսկի գործոն է նաեւ կլիման, ավելի ճիշտ՝ տարվա ընթացքում ջերմաստիճանի կտրուկ տատանումները։ Օրինակ՝ Հայաստանում, որտեղ չոր մայրցամաքային կլիմա է, ձմեռային եւ ամառային ջերմաստիճանի տարբերությունը կարող է կազմել մինչեւ 60 աստիճան Ցելսիուս, իսկ ցերեկային ջերմաստիճանինը՝ մինչեւ 20 աստիճան։ «Ջերմաստիճանի նման տատատնումը մեծ սթրես է օրգանիզմի համար։ Դա նույնպես սթրես է կոչվում, բայց ոչ թե մենթալ, այլ ֆիզիկական»,- նկատում է սրտային վիրաբույժը։
Մյուս հնարավոր պատճառը հոգեբանական սթրեսներն են, որոնցից ժամանակակից կյանքում հնարավոր չէ խուսափել: «Նախկինում գյուղերում մարդիկ ավելի երկար էին ապրում, քանի որ այնտեղ կյանքն ավելի միապաղաղ էր, առանց մշտական սթրեսների, սնունդն էլ՝ մաքուր ու անարատ»,-պարզաբանում է բժիշկը:
Այս ամենն իմանալով, ի՞նչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն մարդիկ սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար:
Բժշկի հիմնական խորհուրդն է՝ վարել առողջ ապրելակերպ, լինել ֆիզիկապես ակտիվ եւ պահպանել առողջ սննդակարգ, ինչպես նաեւ հնարավորինս խուսափել սթրեսից։ «Խոսքը պրոֆեսիոնալ սպորտի մասին չէ, խոսքն ամենօրյա ֆիզիկական ակտիվության, սննդակարգի կարգավորման, վնասակար սովորություններից հրաժարվելու մասին է», – նշում է նա։
Եվս մեկ խորհուրդ բժշկից՝ մի հետաձգեք բժշկի այցելությունը, երբ արդեն խնդիրներ կան: Նրա խոսքով՝ Հայաստանում բժիշկները հազվադեպ են հանդիպում «լավ» հիվանդների, այսինքն՝ նրանց, ովքեր ժամանակին դիմել են բուժման։ Հիվանդները գալիս են այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն բավականաչափ զարգացել է՝ ուղեկցող հիվանդությունների մի ամբողջ փնջով: Պատճառը, ըստ բժշկի, գիտելիքների եւ ֆինանսների պակասն է։ Հետեւաբար, անհրաժեշտ է մարդկանց մշտական իրազեկում, հիվանդության վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացում: Իսկ ֆինանսների հետ կապված խնդիրը կարող է լուծել առողջության ապահովագրությունը։
Ե՞րբ է սրտանոթային հիվանդություն ունեցող անձը դառնում սրտային վիրաբույժի հիվանդ:
«Մենք խոսում ենք սրտի բաց վիրահատությունների մասին, իսկ դրանք հիմնականում պսակաձև զարկերակների անոթավորումներն են եւ սրտի փականների փոխարինումը։ Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում մարդը դառնում է սրտային վիրաբույժի պացիենտ, երբ բուժման մնացած մեթոդներն արդեն անարդյունավետ են: Այսինքն, երբ դեղորայքային թերապիան եւ ինվազիվ միջամտություններն այլեւս անհնար կամ անարդյունավետ են, կամ դրանց դրական արդյունքը կարճատեւ է։
Պսակաձև զարկերակների անոթավորման վիրահատությունը ցուցված է, երբ կա սրտամկանի կաթվածի վտանգ, եւ այն հնարավոր չէ կանխել դեղորայքով կամ ինվազիվ միջամտությամբ»,-բացատրում է վիրաբույժը։
Ի՞նչ է պսակաձեւ զարկերակների անոթավորումը (շունտավորումը)։
Արման Քոչարյանի խոսքով՝ շատերի մոտ թյուր կարծիք է ձեւավորվել, որ այդ վիրահատության ժամանակ անոթները փոխարինվում են: «Դա այդպես չէ, չկա անոթների փոխարինման վիրահատություն։ Մարմնի այլ հատվածից վերցված անոթների միջոցով արյան հոսքի համար շրջանցիկ ճանապարհ է ստեղծվում՝ շրջանցելով պսակաձեւ զարկերակի ախտահարված հատվածը»,-ասում է նա։
Պսակաձև զարկերակների անոթավորումը, որպես կանոն, իրականացվում է սեփական աուտոերակային կամ աուտոզարկերակային տրանսպլանտատի, այսպես կոչված շունտերի օգտագործմամբ:
Արման Քոչարյանի խոսքով՝ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում փորձում են հնարավորինս տեղադրել զարկերակային շունտեր, քանի որ այս մեթոդը մի շարք առավելություններ ունի:
Որո՞նք են զարկերակային շունտերի առավելությունները:
«Մենք հիմնականում փորձում ենք հնարավորության դեպքում օգտագործել զարկերակային շունտեր։ Տեխնիկապես դա ավելի դժվար է անել: Օգտագործում ենք հիմնականում ներքին կրծքային զարկերակը, ճաճանչային զարկերակը ձեռքից, կամ որովայնի խոռոչից, հաճախ օգտագործում ենք երկկողմանի ներքին կրծքային զարկերակային շունտեր, ինչը շատ քիչ են անում ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում: Դա ավելի երկար եւ քրտնաջան աշխատանք է, բայց մենք դա անում ենք հանուն հիվանդների հարմարության, որպեսզի հետաձգենք կրկնակի որևե միջամտությունը»,-ասում է վիրաբույժը։
Շունտավորումը հիմնականում կատարվում է «անջատած» սրտով, արյան շրջանառության արհեստական ապարատի կիրառմամբ, որը նաև կոչվում է «սիրտ–թոք»։ Որոշ դեպքերում այս վիրահատությունը հնարավոր է բաբախող սրտի վրա: Բայց, ըստ բժշկի, «աշխատող» սրտով վիրահատությունը հարկադրված միջոց է, այլ ոչ թե առավելություն:
«Կան ցուցումներ, երբ այդ սարքը չի կարելի միացնել։ Որակի տեսանկյունից, երբ սիրտը չի բաբախում, վիրաբույժներն ավելի հեշտ են կարում անոթները, եւ բերանակցումներն ավելի որակյալ են լինում: Բայց լինում են դեպքեր, երբ մենք ստիպված ենք վիրահատել աշխատող սրտով։ Դա արվում է այն ժամանակ, երբ առկա է գլխուղեղի կաթվածի առաջացման վտանգ, եւ դա բարդացնում է աշխատանքը, այլ ոչ թե հեշտացնում»,-բացատրում է բժիշկը:
Սրտի բաց վիրահատություններին այլընտրանք կա՞:
Ամբողջ աշխարհում սրտի փականների փոխարինումը եւ պսակաձեւ զարկերակների անոթավորումը մեծ մասամբ կատարվում են բաց եղանակով։ Որոշ դեպքերում փականների փոխարինումը կարելի է կատարել էնդոսկոպիկ եղանակով, եւ նման փորձեր են արվել նաեւ Հայաստանում, մասնավորապես՝ «Բեսթ Լայֆում» ։ Բայց այդ վիրահատությունները մեծ տարածում առայժմ չեն գտել։
«Սրտի բաց վիրահատությունն առայժմ մնում է ստանդարտ։ Այն չի անհետացել։ Ճիշտ է, ստենտավորման ներդրումով շունտավորումների քանակը կրճատվել է, եւ բարելավվել է վիրահատությունների որակը։ Քանի որ սուր կաթվածի դեպքում մենք այլեւս բաց վիրահատություններ չենք անում, ավելին ՝ սա հակացուցում է բաց վիրահատության համար։ Սկզբում արագ տեղադրվում է ստենտ, բացվում է արյան մուտքը դեպի սիրտ, եւ միայն դրանից հետո, անհրաժեշտության դեպքում, կատարվում է շունտավորում։ Ճիշտ մոտեցման դեպքում, օգտագործելով երկու մեթոդներն էլ, այլ ոչ թե հակադրելով մեկը մյուսին, ավելի լավ արդյունքի ես հասնում»,-ասում է սրտային վիրաբույժը։
«Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի Սրտային վիրաբուժության ծառայությունը
«Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Կենտրոնում աշխատում են փորձառու վիրաբույժներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում։ Իրականացվում է սրտի բաց վիրահատությունների ողջ ծավալը, անկախ բարդության աստիճանից։
Սրտի վիրաբուժության բաժանմունքը մասնագիտացված է մի շարք սրտի հիվանդությունների վիրահատական բուժման մեջ, և իրականացնում է՝
- Պսակաձև զարկերակների անոթավորում
- Սրտի փականների փոխարինում և պլաստիկա բնածին և ձեռքբերովի արատների ժամանակ
- Մեծահասակների բնածին արատների շտկում
- Վիրահատություններ վերել աորտայի և աորտայի աղեղի անևրիզմայի և/կամ շերտազատման կապակցությամբ
- Սրտի նորագոյացությունների հեռացում
- Օզակի վիրահատություն կամ աորտայի փականի վերաստեղծում հիվանի հյուվածքից (սրտակրանքից), որը Հայաստանում իրականացվում է միայն «Բեսթ Լայֆ» ԲԿ-ում։






