Կորոնավիրուսի EG.5 D-19 շտամը, որը նաև «Էրիս» անվանումն ունի, «վերելքում է», նախազգուշացրել է ԱՀԿ ղեկավարը։ Երեկ Ժնևում ելույթ ունենալիս Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ ձմեռային սեզոնին ընդառաջ հյուսիսային կիսագնդում «տագնապալի միտումներ» են նկատվում, տեղեկացնում է Euronews-ը։

Ըստ նրա, Մերձավոր Արևելքում և Ասիայում մահացության թիվը մեծանում է, Եվրոպայում աճում է կորոնավիրուսի այս տարբերակով ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ ընդունվող հիվանդների քանակը, մի շարք շրջաններում ավելացել է հոսպիտալացվածների թիվը։

ԱՀԿ-ի COVID-19-ի դեմ պայքարի տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերկխովեն ասել է, որ «այս տարբերակը դուրս չի մղում» շրջանառության մեջ գտնվող մյուս շտամները, և հենց այդ հանգամանքն է անհանգստացնում  ԱՀԿ-ին։

Գեբրեյեսուսը նշել է, որ «ամենամեծ խնդիրներից մեկը ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում իմունիտետի ցածր մակարդակն է, որոնք վերջին ժամանակներս  COVID-19 պատվաստանյութի չափաբաժին չեն ստացել»: Մեր ուղերձն է․ «մի հապաղեք ստանալ հավելյալ չափաբաժին, եթե այն  ձեզ խորհուրդ է տրված», - ասել է ԱՀԿ ղեկավարը։