Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացվել է 3 նոր բաժանմունք՝
- «Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունք
- Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունք
- Ախտորոշման ծառայության նոր՝ ՄՌՏ հետազոտության մասնաշենք:
«Ուռուցքաբանության ոլորտը Հայաստանում շատ արագ տեմպերով ու մեծ քայլերով է զարգանում։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս նոր ծառայությունների ներդրմամբ կարող ենք վստահաբար ասել՝ աշխարհի ուռուցքաբանական լավագույն կլինիկաների հետ այսօր համահունչ ենք քայլում»,- բացման ժամանակ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը շրջել է նորաբաց բաժանմունքներում, ծանոթացել պայմաններին ու բուժսարքավորումների հագեցվածությանը։ Էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքը գործելու է ամբողջական հագեցվածությամբ` վիրահատարաններ, 10 մահճակալ։
Անոթային ու էնդովասկուլյար վիրաբուժության նորաբաց բաժանմունքում բուժծառայություններ են մատուցվելու ոչ միայն քաղցկեղ ունեցող պացիենտներին։
ՈւԱԿ շրջայցի ժամանակ Անահիտ Ավանեսյանը եղել է նաև նորաբաց մանկական սրահում, որտեղ երեխաները հոգեբանի ուղեկցությամբ, առողջ մթնոլորտում սպասում են այս կենտրոն բուժման կամ հետազոտության եկած իրենց ծնողներին։









