Եվրոպացի գիտնականները հետեւել են այն երեխաների օրգանիզմի փոփոխություններին, որոնք դիաբետի հակում ունեն եւ վարակված են եղել կորոնավիրուսով։ Հետազոտողները պարզել են, որ SARS-CoV-2-ի թափանցումը երբեմն ուղեկցվել է ենթաստամոքսային գեղձի հանդեպ աուտոհակամարմինների արտադրմամբ, ինչը ինսուլինից կախված դիաբետի առաջին նշանն է, գրել է JAMA ամսագիրը։

«Մեր իրականացրած դիտարկումները ցույց են տվել, որ աուտոհակամարմինները զգալիորեն ավելի հաճախ են արտադրվում այն երեխաների մոտ, որոնք վարակվել են կորոնավիրուսով, քան COVID-19-ով չվարակված նրանց հասակակիցների մոտ։ Ընդ որում՝ գեղձի հանդեպ հակամարմինները նրանց մոտ ի հայտ են եկել SARS-CoV-2-ի հակամարմինների հետ միաժամանակ, ինչը բնորոշ չէր գրիպով հիվանդացած երեխաների համար»,- գրել են հետազոտողները։

Այսպիսի եզրահանգման է եկել հետազոտողների խումբը Դրեզդենի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Էցիո Բոնիֆացիոյի ղեկավարությամբ, 6-25 ամսական 885 երեխաների առողջությանը հետեւելիս, որոնք մասնակցել են POINT նախագծին։ Այդ նախաձեռնությունը գործարկվել է 2018թ. այն երեխաների շրջանում, որոնք գենետիկորեն այդ հիվանդության հակում ունեն, առաջին տեսակի դիաբետի զարգացմանը նպաստող գործոնների ռիսկն ուսումնասիրելու համար։

Գիտնականները մշտապես երեխաներից արյուն են վերցրել եւ հետեւել դրանում հակամարմինների առկայությանը, որոնք կարող են միանալ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող կղզյակ բջիջներին։ Բոնիֆացիոն եւ նրա գործընկերներն օգտվել են այդ տվյալներից, որպեսզի գնահատեն, թե արդյոք կորոնավիրուսով կամ գրիպով վարակվելը առաջ բերում է երեխաների մոտ աուտոհակամարմինների արտադրություն, որոնք նախկինում առաջին տեսակի դիաբետով չեն տառապել։

Գիտնականները համադրել են այն ժամանակը, երբ մասնակիցների արյան մեջ ի հայտ են եկել հակամարմիններ կղզյակ բջիջների եւ վիրուսների հանդեպ։ Նրանք նաեւ համեմատել են, թե ինչ հաճախությամբ են ի հայտ գալիս աուտոհակամարմինները ենթաստամոքսային գեղձի բջիջների հանդեպ այն երեխաների մոտ, որոնք հիվանդացել են գրիպով կամ COVID-19-ով, եւ չեն վարակվել այդ վիրուսներով։ Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեց երեխաների մոտ միաժամանակ ի հայտ են եկել հակամարմիններ կորոնավիրուսի եւ ենթաստամոքսային գեղձի բջիջների հանդեպ, ինչը բնորոշ չի եղել այն երեխաների համար, որոնք հիվանդացել են գրիպով։ Ի հավելումն՝ գիտնականները նշել են, որ կղզյակ բջիջների հանդեպ հակամարմինները երկու անգամ ավելի հաճախ են ի հայտ եկել այն երեխաների մոտ, որոնք հիվանդացել են COVID-19-ով, քան նրանց մոտ, ովքեր խուսափել են այդ վարակից։

Կորոնավիրուսային վարակը հանգեցնում է ոչ միայն թոքերի ախտահարումների, այլեւ առաջացնում է խախտումներ սրտի, ուղեղի եւ այլ օրգանների աշխատանքում։ Որոշ դեպքերում այն առաջ է բերում որոշ աուտոիմունային հիվանդություններ, այդ թվում Հաշիմոտոյի թիրեոիդիտ, առաջին տեսակի դիաբետ եւ Գիյեն-Բարեի համախտանիշ։ Աշխատանքի արդյունքները հաստատում են, որ SARS-CoV-2-ով վարակումն ուղիղ գծով նպաստում է առաջին տեսակի դիաբետի առաջացմանը։ Հետագա փորձերը ցույց կտան, թե ինչպես է վիրուսը ստիպում իմունիտետին ավելի հաճախ գրոհել ինսուլին արտադրող բջիջները։