Բժիշկների խումբը Բելգիայից, որոնք մասնագիտացած են ծանր այրվածքների բուժման ոլորտում, այսօր կժամանի Երեւան՝ Ստեփանակերտում պայթյունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին Х սոցցանցում տեղեկացրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լաբիբը։
Ինչպես նշվել է հաղորդագրությունում, Հայաստանը օգնության խնդրանքով դիմել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ինչպես նաեւ օգնություն էր խնդրել հենց Բելգիայից, որը այրվածքներ ունեցող պացիենտների հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Բելգիայի կառավարությունը որոշել է ուղարկել B-FAST խմբին։
«Այս թիմը կապ կհաստատի Հայաստանի մայրաքաղաքի մի քանի հիվանդանոցների հետ՝ առաջավոր փորձի եւ նոր տեխնոլոգիաների փոխանակման համար։ Թիմը նաեւ պատասխանատու կլինի լուրջ այրվածքներ ունեցող պացիենտներին Բելգիա բժշկական տարհանման պատրաստելու հարցում։ Բելգիա հասնելուն պես նրանք բուժում կստանան Queen Astrid զինվորական հոսպիտալի այրվածքների կենտրոնում։ Արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի ապահովի արդյունավետ համակարգումը տեղերում»,- նշվել է հաղորդագրությունում։
B-FAST-ը պետական կառույց է, որը շտապ օգնություն է ցուցաբերում արտասահմանում եւ կազմված է ներքին գործերի, քաղաքականության եւ աջակցության (BOSA), առողջապահության, պաշտպանության եւ արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ համագործակցության նախարարությունների մասնագետներից։






