Ստեփանակերտի ծայրամասում բենզինի պահեստի պայթյունից տուժած 200-ից ավելի ծանր վնասվածքներով անձինք  այժմ գտնվում են հիվանդանոցներում։ Ինչպես նաև կան ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորներ, որոնց թվում են նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ` երեխաներ, կանայք: Այս մասին BBC-ի լրատվական ծառայության հետ զրույցում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բնակչությունը տասը ամիս գտնվել է շրջափակման  մեջ և չի ունեցել կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայությունների և դեղերի հասանելիություն: Նրանցից շատերն ունեն  թերսնուցում և բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ»,- ասել է նախարար Անահիտ Ավանեսյանը եւ նաև ներկայացրել է Արցախի շրջափակման, բռնի տեղահանման և պայթյունի հետևանքով տուժած մարդկանց առողջապահական խնդիրները:

«Մարդիկ գտնվել են ճանապարհին ավելի քան 50 ժամ, ինչի հետևանքով մարդկանց քրոնիկ հիվանդությունները ավելի են սրվել: Մեր բուժաշխատողները, շտապօգնության մեքենաները և  սանավիացիան  անում են ամեն հնարավոր բան, որպեսզի հաղթահարեն այս կրիտիկական իրավիճակը։ Ահա այսպիսին է իրավիճակը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը, հիվանդանոցներն ու առողջության պահպանման առաջնային օղակը  արել և շարունակում է անել ամեն բան` մարդկանց առաջնային բուժօգնություն ցուցաբերելու, կացարանով և սննդով ապահովելու համար:

«Ավելի քան 100․000 մարդ մի քանի օրում, լքել է իր հայրենիքը իր տունը՝ ունենալով իր հետ ընդամենը մեկ ճամպրուկ։Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովվենք նրանց կացարանով և տանք ապրելու հույս, որովհետև նրանք լքել են իրենց հայրենիքը, տները, մշակույթը, ամեն բան։ Հետևաբար՝ մենք պետք է նրանց հույս տանք և լինենք նրանց կողքին»,-ասել է նախարարը։