ՀՀ Առողջապահության նախարարությունը Արցախից բռնի տեղահանվածների հետ աշխատելու համար բժշկական մոբիլ թիմերի ձեւավոման աշխատանքներ է տանում։ Այս մասին Ազգային ժողովում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մոբիլ թիմերը կազմված են լինելու ընտանեկան բժիշկներից, հոգեբաններից, մանկաբույժներից, թերապեւտներից, որոշ դեպքերում նաեւ նեղ մասնագետներից, նրանք շրջելու են այն բոլոր կեցավայրերով, որտեղ տեղակայվել են մեր հայրենակիցները։ Իրականացնելու են հպանցիկ բուժզննում, կցագրելու  բնակավայրին ամենամոտ պոլիկլինիկայում եւ ամբուլատորիայում, որտեղ արդեն հետագա բուժսպասարկումը կիրականացնի տեղի բուժանձնակազմը», – ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ այսօրվա դրությամբ մոտ 8000 քաղաքացի իր նախաձեռնությամբ կցագրվել է առաջնային օղակի բուժհաստատություններում։ Հաշվառման արդյունքում հստակ հայտնի կդառնան մարդկանց առողջապահական կարիքները, ինչը  հետագայում թույլ կտա հոգալ դրանք։ Դեղորայքային ապահովումը քրոնիկ հիվանդների եւ կարիքի դեպքում կիրականացվի նաեւ ամբուլատոր օղակից եւ պոլիկլինիկաներից։

Նա հավելեց նաեւ, որ հաշվարկներ են իրականացվել՝ ընթացիկ պատվաստումներից սկսած ամբողջ ծառայություների փաթեթը Արցախից բռնի տեղահանվածներին հասանելի դարձնելու համար։ Ըստ նրա՝ ուղեգրման եւ կարիքի դեպքում, նաեւ հոսպիտալային բուժօգնությունը նրանց համար եւ՛ս պետպատվերով կլինի։

«Մեզ համար շատ կարեւոր էր Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների բուժօգնության կազմակերպումը, որոնք վիրավորումներ են ստացել եւ տուժել պայթյունի հետեւանքով։ Այս պահին 324 պացիենտ գտնվում է բուժհաստատություններում, ստանում է  անհրաժեշտ մասնագիտական բուժօգնությունը»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝  բուժսպասարկման աշխատանքներում նաեւ ներգրավված է այլ երկրներից ժամանած մասնագետների թիմ․ այս պահին Իսրայելից 10 բժիշկներ աշխատում են Այրվածքաբանական ազգային կենտրոնում։ Նաեւ բանակցություններ են վարվում անհրաժեշտության դեպքում որոշ պացիենտների բուժումը արտերկրում կազմակերպելու համար։