Առողջության  առաջնային պահպանման հաստատություններում գրանցվելու պահից արցախցի հայրենակիցները անվճար կօգտվեն այն բոլոր բժշկական ծառայություններից, որոնք նախատեսված են գործող ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ կընդգրկվեն քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման սքրինինգային ծրագրերում։ Այս մասին ասաց ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը «Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս» թեմայով ասուլիսի ժամանակ: 

«Ես ուզում եմ խնդրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր բոլոր հայրենակիցներին ՝ օր առաջ դիմել մոտակա,  ձեզ հարմար և նախընտրելի առողջության առաջնային պահպանման հաստատություն՝ պոլիկլինիկա, ամբուլատորիա, առողջության կենտրոն, գրանցվել, իրազեկվել ձեր իրավունքների և արտոնությունների մասին և ըստ այդմ՝ ստանալ կանխարգելման, վաղ հայտնաբերման, անհրաժեշտության դեպքում նաև բուժման և շարունակական հսկողության այն ամբողջ ծավալը, որը նախատեսված է ՀՀ-ում»,- ասաց Քնար Ղոնյանը:

Նա նշեց, որ առողջության  առաջնային պահպանման հաստատությունում գրանցվելուց հետո առաջին իսկ այցի ժամանակ, կանխարգելման միջոցառումների աշխատանքներից բացի, որոնց ընթացքում բժիշկները կրծքագեղջի ինքնազնման տեխնիկայի ուսուցում են իրականացնում և ներկայացնում գործող ծրագրերը, պացիենտը նաև իրազեկվում է իր բոլոր իրավունքների և արտոնությունների մասին:

Նա հիշեցրեց, որ գործում են նաև առանձնացված վաղ հայտնաբերման սքրինինգային և ՝ քրծքագեղձի վաղ հայտնաբերման ծրագիրը, որը գործում է մարզերում, և կրծքագեղձի քաղցկեղի դեղաապահովման ծրագիրը։  Բացի այդ իրականացվում է բուժօգնությունը. հաստատված ախտորոշման առկայության դեպքում պետությունը ամբողջությամբ ապահովում է չարօրակ նորագոյաթությամբ պացիենտների բժշկական օգնությունը և իրականացնում վիրաբուժական միջամտությունների սպասարկումը: Ամբողջությամբ անվճար է նաև ճառագայթային բուժումը այն բոլոր պացիենտների, որոնք  ունեն հաստատված չարօրակ նորագոյացություն ախտորոշումը և ունեն բժշկական ցուցում՝ ճառագայթային թերապիա իրականացնելու:

«Գործում է նաև արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային պետական ծրագիր, որը մեր հայրենակիցները կարող են անցնել՝ դիմելով պոլիկլինիկա և գրանցվելով: Բացի դրանից՝ չարորակ նորագոյացություն ախտորոշմամբ պացինետներին ապահովում ենք այն բոլոր հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որոնք ըստ ցուցումների նախատեսված է իրականացնել»,- հավելեց Քնար Ղոնյանը: