Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում 2021թվականի հունվար ամսից հետազոտվել է 50-69 տարեկան 24500 կին: Արդյունքում հայտնաբերվել է 250 քաղցկեղի դեպք, որոնցից 228-ը ստացել կամ ստանում են մասնագիտական բուժում: Մոտ 20 հոգի հրաժարվել է բուժումից։ Այս մասին ասաց Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը «Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս» թեմայով ասուլիսի ժամանակ:
Սքրինինգալին ծրագիրն իրականացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում: Ըստ Արթուր Ավետիսյանի՝ մինչ ծրագրի մեկնարկը նշված մարզերում վիճակագարությունը նույնն էր, ինչ ամբողջ հանրապետությունում՝ մոտ 40% դեպքերում այն կարող էր հայտնաբերվել ուշացած՝ 3-րդ կամ 4-րդ փուլերում: «Իսկ ներկա պահին այդ մարզերի վիճակագրությունը հետևյալն է ՝ մոտ 85-90% դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում, որը դրական է անդրադառնում բուժման արդյունքների վրա: Նշված մարզերում 4-րդ փուլն արդեն 10 տոկոսից քիչ դեպքերում է հանդիպում, ինչը ազդել է հանրապետության ընդհանուր վիճակագրության վրա: 0 փուլը գերազանցում է 10%-ը, սակայն նախկինում 0 փուլի կրծքագեղձի քաղցկեղի եզակի դեպքեր էին լինում», – ասաց Արթուր Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ այժմ շարունակվում է ծրագրի իրականացումը, իսկ շարժական մամոգրաֆը այս պահին գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Այնտեղ շարժական կենտրոնի տեղակայումը նախատեսվում է մինչև տարեւերջ, սակայն չի բացառվում, որ պահանջի դեպքում կարող է երկարացվել մինչև փետրվար ամիս: Նա նշաեց, որ ի շնորհիվ սքրինիգի նշված մարզերում կտրուկ աճել է օրգանապահպան վիրահատությունների տոկոսը, ինչը բերում է նաև ծախսերի կրճատմանը:
«Բացի ծրագրի հիմնական նպատականերից, որոնք են՝ իջեցնել քաղցկեղից մահացության և հաշմանդամության ցուցանիշներն այդ մարզերում, նաև գլխավոր նպատակներից է՝ վերծանել խնդիրները, որոնք կարող են հանդիպել սքրինինգի ընթացքում, հաշվարկել ֆինանսական մասը, գնահատել այս ծրագրի ծախսարդյունավետությունը, և ստեղծել ավելի լավ մշակված մոդել, որը ամենայն հավանականությամբ կկիրառվի ամբողջ հանրապետության համար՝ ապահովագրական բժշկության ընդլայնման հետ մեկտեղ», – ասաց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հունվարին և գործում է մինչ օրս:






