Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագրում 2020 թվականի մարտ ամսից ընդգրկվել է 739 կին: Այս մասին «Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս» թեմակով ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը։
Ըստ նրա՝ այդ կանանցից յուրաքանչյուրը 12 ամիս անվճար ստացել է տրաստուզումաբ դեղամիջոցի 17 ներարկում: Մոտ 13 միլիոն դոլարի դեղամիջոց արդեն բաժանվել է կանանց: 2023 թվակականին 156 կին շարունակում է իր ծրագիրը։
«Կրծքագեղձի քացկեղի վաղ փուլերում ունենք Her 2 կոչվող հատուկ քացկեղի տեսակ, որը համարվում է բավականին ագրեսիվ և պահանջում է հատուկ թիրախային բուժում։ Դեղամիջոցի բավական թանկ լինելու պատճառով մինչև 2020 թվականը այն հասանելի չէր կանանց մեծ մասին։ Հիմնականում նրանք այդ բուժումը չէին կարողանում ստանալ, որը թողնում էր իր հետևանքը՝ առաջացնելով մետաստատիկ հիվանդության զարգմացման ռիսկ», – ասաց Գեոկչյանը։
Այդ իսկ պատճառով 2020 թվականի մարտ ամսից ԱՆ-ն մշակեց առաջինից երրորդ փուլի Her դրական տեսակի կրծքագեղձի քաղկեցի տրաստուզումաբ դեղամիջոցով ապահովելու ծրագիրը: «Դեղամիջոցի մեկ սրվակն արժե մոտ 1000 դոլար: 17 ներարկում մեկ կնոջ համար կազմում է 17000 դոլար», – նշեց նա։
Ծրագրի ներդրման շնորհիվ, ըստ վիճակագրության բավականին նվազել է մետաստատիկ հիվանդների թվաքանակը. եթե 2015 թ.-ին կար 35-40% առաջնակի հայտնաբերված մետաստատիկ հիվանդ, 2019 թ.-ին՝ 27%, ապա 2023 թ.-ին այդ թիվը նվազել է մինչև 15%-ը: «Եվրոպական շատ երկրներում այս ցուցանիշը կազմում է 10%, ինչը նշանակում է, որ Հայաստանն իր ցուցանիշներով մոտենում է Եվրոպական զարգացած երկների ցուցանիշներին», – նշեց Հայկուհի Գեոկչյանը:






