Քաղաքացիներին առաջնային բժշկական օգնություն տրամադրող բուժհաստատությունների կազմակերպաիրավական ձևերը պետք է միասնական լինեն։ Այս մասին ԱԺ-ում կայացած առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի  նիստում հայտարարել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Գործող օրենսդրության համաձայն՝ ՊՈԱԿ-ների, ՀԱՕԿ-ների և ՓԲԸ-ների, ինչպես նաև նույն գործառույթ իրականացնող առաջնային բժշկական օգնություն ցուցաբերող հաստատությունների   տնօրենների պաշտոնի թեկնածուներին ներկայացվող   պահանջները պետք է տարբերվեն միմյանցից։

«Ըստ նախագծի՝ առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները պետք է սկսեն ենթարկվել  կամ համայնքներին, կամ անմիջականորեն  պետությանը»,- ասել է Զեյնալյանը։

Նրա խոսքով, այս օրենսդրական նախաձեռնությունը բազմիցս քննարկվել է հանրապետության առողջապահության նախարարության հետ։

«Բոլոր առաջնային օղակները պետք է բերվեն մեկ կազմակերպաիրավական ձևի»,- ընդգծել է պատգամավորը։

Առողջապահության փոխնախարար Արա Նազարյանն իր հերթին ասել է, որ հանրապետությունում գործում է   առաջնային բուժօգնության  շուրջ 250 կազմակերպություն։ Դրանցից շուրջ 150-ը մարզային ենթակայության են, իսկ 100-ը` համայնքային ենթակայության։

«Ներկայումս 2021-2026 թվականների զարգացման պետական ծրագրի շրջանակներում համապատասխան աշխատանքներ են տարվում առաջնային բժշկական օգնության կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևերի միավորման ուղղությամբ։ Սա կառավարման տեսանկյունից էապես կնպաստի մի շարք գործընթացների իրականացմանը»,- պարզաբանել է փոխնախարարը։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։