Մինչեւ տարեվերջ Դանիայում պետք է սկսվեն այն դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը կարող է երկար սպասված դեղը լինել մարդու իմունադեֆիցիտի վիրուսի (ՄԻԱՎ) դեմ։
Նախնական լաբորատոր փորձարկումների արդյունքները, որոնք անցկացրել են ավստրալացի գիտնականների երկու թիմեր՝ Դանիայի գործընկերների հետ համագործակցությամբ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում։
«Ստուգումների» արդյունքների նկարագրման մասին հոդվածը հրապարակվել է Cell Reports Medicine ամսագրում։
Ավստրալացիների հետազոտությունը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Վենետոկլակս դեղամիջոցը կարող է մարդու օրգանիզմում հայտնաբերել «քնած բջիջները», որոնք ախտահարված են մահացու վիրուսով, եւ ոչնչացնել դրանք։
Ինչպես տեղեկացրել է BBC-ն, հաջորդ տարի, Դանիայից բացի, դեղամիջոցի փորձարկումները կսկսվեն նաեւ ավստրալական Մելբուռնում։
Դեղահաբերը սկզբում VENCLEXTA առեւտրային անվանմամբ մշակվում էին լեյկեմիայի՝ արյան քաղցկեղի ագրեսիվ տեսակի դեմ պայքարի համար։
ԱՄՆ-ում այն հավանության է արժանացել 2016թ. եւ այդ ժամանակվանից, բժիշկների խոսքով, արդեն օգնել է քաղցկեղ ունեցող հազարավոր պացիենտների։
Այսօրվա դրությամբ աշխարհում կա 40 մլն ՄԻԱՎ վարակված։
Վարակի ժամանակին ախտորոշումը եւ հակավիրուսային թերապիայի օպերատիվ նշանակումը թույլ է տալիս կանգնեցնել վիրուսի բազմացումը, նշանակում է՝ դադարեցվում է նաեւ իմունային համակարգի քայքայումը։
Դեղահաբերի կանոնավոր ընդունման դեպքում վարակվածն անգամ դադարում է վտանգ ներկայացնել մերձավորների համար, բայց ինքը մնում է անբուժելի։
Հենց որ դադարեցվի դուրս գրված դեղերի ընդունումը՝ հիվանդությունը կվերադառնա։






