Գաղափարից մինչև նոր դեղամիջոցի արտադրություն ճանապարհը տարիներ է տևում, երբեմն՝ տասնամյակներ: Եվրահանձնաժողովը խոստանում է օգնել լաբորատորիաներին ավելի ակտիվ ներգրավել ներդրողներին և ավելի լավ համագործակցել շուկայի հետ: Հիվանդները կկարողանան ավելի արագ ստանալ նորարարական դեղամիջոցներ, հայտնում է Euronews-ը։

Innate Pharma-ն բիոտեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է 1999 թվականին, որը մշակում է քաղցկեղով հիվանդների իմունոթերապիան: Նրանց հետազոտության նպատակն է խթանել իմունային համակարգը՝ ճանաչելու և ոչնչացնելու քաղցկեղային բջիջները:

Թոքերի քաղցկեղի դեմ ընկերության մշակած դեղամիջոցներից մեկը կլինիկական փորձարկումների վերջնական փուլում է։

Եվրոպայում դեղագործական ընկերությունները, որոնք կենտրոնացած են նորարարության վրա, հավաքականորեն տարեկան մինչև 37 միլիարդ եվրո ներդնում են հետազոտության մեջ: Ոլորտը ստեղծել է շուրջ 800 հազար ուղղակի աշխատատեղ։ Սակայն արդյունաբերության զարգացման տեմպերով ԵՄ-ն զիջում է մյուս ուժերին ու տարածաշրջաններին։ 2016-2020 թվականներին այստեղ ստեղծված քիմիական և բիոտեխնոլոգիական ընկերությունների թիվը նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատ նվազել է, իսկ ԱՄՆ-ում և Ճապոնիայում աճել է։

Փորձելով շրջել միտումը` Եվրահանձնաժողովն առաջարկել է խաղի նոր կանոններ, որոնք կոչված են ապահովելու ավելի պարզ և արդյունավետ գիտական ​​և ներդրումային էկոհամակարգ շուկայի բոլոր մասնակիցների համար՝ խոշոր կորպորացիաներից մինչև ամենափոքր լաբորատորիաները:

Ինչ վերաբերում է նոր սերնդի թերապիայի դեղերին, բարեփոխումները ներառում են փոփոխություններ Եվրոպական դեղամիջոցների գործակալության աշխատանքում: Խոսքը նաև ընթացակարգերի կատարելագործման մասին է, որպեսզի նորամուծություններn արագ վերածվեն հիվանդների համար իրական արտադրանքի։

Դեղագործական արդյունաբերության եվրոպական ֆեդերացիան նույնպես համակարծիք է՝ ոլորտում բարելավման կարիք կա։

Innate Pharma-ի հետազոտողները հույս ունեն, որ թոքերի քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու իրենց ջանքերը շուտով արդյունք կտան: «Մենք վերջնական փուլում ենք,- ասում է Էրիկ Վիվիերը,- այժմ մենք փորձարկում ենք մոլեկուլի արդյունավետությունը, որը մենք ստեղծել ենք երկար տարիներ, շատ մեծ թվով հիվանդների վրա: Առաջիկա ամիսներին մենք արդյունքներ ենք ակնկալում, բայց այս ամենը շատ երկար պատմություն է»։