Քորնելի համալսարանի ասպիրանտական քոլեջի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը նպաստում է աղիներում բորբոքային սնկերի առաջացմանը, որոնք խափանումներ են առաջացնում իմունային համակարգի աշխատանքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են մարդիկ, որոնք հաղթահարել են ծանր տեսակի COVID-19-ը։ Գիտնականները նրանցից արյան նմուշներ են վերցրել եւ տեղեկություն հավաքել նրանց առողջության վիճակի մասին։
Արյան նմուշների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ որոշ պացիենտների մոտ նկատվել են իմունային համակարգի աշխատանքի խափանումներ։ Հետազոտության ըթնացքում պարզվել է, որ խափանումներն առաջացել են աղիներում Candida albicans սնկերի առկայության պատճառով։ Այդ սնկերը ոչ միայն ճնշում են իմունիտետը, այլեւ նպաստում թոքերի ախտահարմանը։ Արյան նմուշներում գիտնականները նաեւ հայտնաբերել են հակամարմիններ, որոնք ծրագրավորված են Candida albicans-ի դեմ պայքարելու համար։ Այդ հակամարմիններն առկա են արյան մեջ անգամ առողջանալուց մեկ տարի հետո. դրանք խթանում են IL-6 սպիտակուցը։
Candida albicans-ի ակտիվությունը ճնշելու եւ դրանով իսկ թոքերի եւ իմունային համակարգի համար հետեւանքները վերացնելու նպատակով գիտնականներն անցկացրել են փորձարկվողների թերապիա հակասնկային դեղերի օգնությամբ։ Պարզվել է, որ այդ դեղերն արդյունավետորեն արգելակում են IL-6-ի հանդեպ ռեցեպտորները եւ նվազեցնում բորբոքումը։
Գիտնականները նշել են, որ երկարատեւ եւ ծանր COVID-19-ի պատճառը կարող են լինել բորբոքային սնկերը աղիներում։ Այս փաստի իմացությունը կնպաստի բուժման նոր արդյունավետ ծրագրերի ստեղծմանը։






