Թաիլանդում վերջին ամիսներին հայտնաբերվել է  կապկի ծաղիկի ավելի քան 20 նոր դեպք, մեկ պացիենտ մահացել է։ Այս մասին լրագրողներին հոկտեմբերի 30-ին տեղեկացրել է Թաիլանդի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման վարչության գլխավոր տնօրենի պաշտոնակատար, դոկտոր Թհոնգչայ Կիրաթիհաթայակոնը։

24 դեպքերից 9-ը հայտնաբերվել է Բանգկոկում։ 24 պացիենտներից մեկը, որը նաեւ ՄԻԱՎ ուներ, մահացել է։ Նա Թաիլանդի վարակիչ հիվանդությունների ինստիտուտի ստացիոնարում էր հայտնվել սեպտեմբերի 12-ին եւ մահացել է այնտեղ անցած շաբաթ։

Ինչպես հիշեցրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, կապկի ծաղիկի առաջին դեպքը Թաիլանդում հայտնաբերվել է 2022թ. հուլիսին։ 2023թ. հոկտեմբերի 28-ի դրությամբ երկրում այդ ժամանակվանից հայտնաբերվել են այդ հիվանդությամբ վարակվելու 559 դեպքեր, դրանցից մեկը, որի մասին հայտարարվել է երկուշաբթի, մահացու ելք է ունեցել։

Նշված թվից 502 հոգի Թաիլանդի քաղաքացիներ են, 52 մարդ՝ օտարերկրացի, որոնց քաղաքացիության մասին Թաիլանդի առողջապահության նախարարությանը հայտնի է, եւ անհայտ քաղաքացիությամբ 4 օտարերկրացի կա։

Նշվել է, որ 559-ից 474-ը պատկանում է «սեքսուալության դիվերսիֆիկացված խմբին», ընդհանուր թվի 44 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է։ Հիվանդացածների մեծ մասը պատկանում է երկու տարիքային խմբի՝ 30-39 եւ 20-29 տարեկան։