Ռուսաստանում հայտնաբերվել են հոնկոնգյան գրիպի առաջին դեպքերը. Տյումենի մարզից մի մեծահասակ եւ երկու երեխա են վարակվել։

«Տյումենի մարզում A (H3N2) գրիպի առաջին երեք դեպքերն են գրանցվել մեկ մեծահասակի եւ երկու երեխաների մոտ»,- հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մարզային վարչությունից։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ հիվանդները գրիպի դեմ պատվաստված չեն եղել։ «Ռոսպոտրեբնադզորը» պատվաստվելու կոչ է արել։

Հիվանդանալուց խուսափելու համար գերատեսչությունը խորհուրդ է տալիս պահպանել շնչառական վարակների կանխարգելման հիմնական կանոնները՝ հասարակական վայրեր այցելելուց հետո ձեռքերը լավ լվանալ օճառով, խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից, պարբերաբար օդափոխել սենյակները, մարդաշատ վայրերում դիմակ կրել՝ վարակվելուց խուսափելու համար։

Հիշեցնենք, որ A (H3N2) վիրուսը կոչվել է հոնկոնգյան գրիպ, քանի որ այդ քաղաքից է սկսվել համավարակը։ Հիվանդության առաջին դեպքերն այստեղ հայտնաբերվել են 1968 թվականի կեսերին: Վիրուսի նոր շտամը հայտնվել է H2N2 մուտացիայի արդյունքում։ Պարզվել է, որ այն խիստ վարակիչ է։

Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Հոնկոնգում դրանով վարակվել է մոտ կես միլիոն մարդ։ Այնուհետև շտամը արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: 1969 թվականի սկզբին համաճարակը ճանաչվել է համավարակ։ Վիրուսն արդեն լայն թափով տարածվում էր Ասիայում, Եվրոպայում եւ Աֆրիկայում։ Հիվանդությունը հայտնաբերվել է Ավստրալիայի հյուսիսում եւ ԱՄՆ-ի մի քանի արեւմտյան նահանգներում: Հետո այն նկատել են Հարավային Ամերիկայում։ Համավարակը դարձավ 20-րդ դարի գրիպի երրորդ ամենախոշոր համաճարակը։ Ընդամենը երեք տարվա ընթացքում վիրուսը մոտ չորս միլիոն մարդու կյանք խլեց։

Առանձնահատուկ ռիսկի տակ էին թոշակառուները։ Վարակվածներն ունեցել են մինչեւ 39 աստիճան ջերմություն, չոր հազ եւ քթից արտադրություն։ Հիվանդները մշտական  գլխացավեր  ունեին եւ ամբողջ մարմնի ջարդվածության զգացում: Հիվանդությունն արագորեն առաջադիմում էր ամբողջ օրգանիզմում։ Հիվանդները ծանր վիճակում էին լինում մոտ 5 օր։ Այս շտամի դեմ պատվաստանյութը ստեղծվել է դրա ի հայտ գալուց չորս ամսվա ընթացքում։