Ծնելիության խթանումը իրագործվում է համափարփակ ծրագրերի շնորհիվ. պետությունը վերջին տարիներին իրականացնում է ծավալուն ու կարևոր՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ծրագիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք ամեն տարի շահառուների շրջանակը մեծացնում ենք, ծառայությունների ծավալը մեծացնում ենք. սա ևս կարևոր միջոցառում է, որը նպաստելու է ծնելիության խթանմանը»,- նշեց նա:
Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին՝ նա ասաց, որ մինչև 2021 թվական ցուցանիշների բավական լավացում է եղել, այնուհետև, նաև պատերազմով պայմանավորված, ցավոք սրտի, որոշակի հետադարձ ընթացք է նկատվել:
Նախարարը նշեց, որ խնդրի լուծման նպատակով իրականացվում են թե՛ տեղեկատվական, թե՛ գովազդային արշավներ: «Շատ կարևոր է ամբողջ հասարակության ներգրավումը և կարծրատիպերի կոտրումը և ցանկացած բալիկի՝ անկախ նրա սեռից, ծնվելու հնարավորություն ընձեռելը: Սա ևս անվտանգության կարևորագույն երաշխիք է, եթե մենք չունենանք տղաների և աղջիկների առողջ հարաբերակցություն, մենք չենք ունենա ծնելիության աճ, չենք ունենա կայուն հասարակություն, և բազմաթիվ խնդիրներ կունենանք: Երեխա ունենալու որոշումը կայացնելուց հետո առողջապահական գործոնը շատ կարևոր է դառնում։ Պետությունը իրականացնում է մեծ, ծավալուն ծրագրեր»,- ասաց Ավանեսյանը։






