Հանրապետության խանութներում մինչեւ հիմա կարելի է գրանցել անչափահասներին ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի դեպքեր։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 6-ին ասել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը, որպեսզի անհնար լինի էներգետիկ ըմպելիքների, ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքը երեխաներին։

«Երեխաների մեջ ճիշտ վարքագծի եւ սովորությունների ձեւավորումը կարեւորագույն ուղղություններից մեկն է։ Եվ եթե մենք ճիշտ քաղաքականություն չունենանք այս ուղղությամբ, մենք ստիպված կլինենք կառուցել նորանոր բուժկենտրոններ»,- ասել է նախարարը։

Ավանեսյանը նշել է. էներգետիկ ըմպելիքների մասով առայժմ որեւէ օրենսդրական կարգավորում եւ սահմանափակում չկա։ Բայց դա չի վերաբերում ծխախոտի եւ ալկոհոլային արտադրանքին։ Այստեղ նման կարգավորումներ կան։