Հայ-շվեյցարական AZAD Medical Devices ընկերությունն արտադրում է ստերիլիզացնող սարքեր, որոնք կարող են կիրառվել բժշկական կենտրոններում, լաբորատորիաներում, ատամնաբուժական կլինիկաներում, ինչպես նաեւ այլ ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է ստերիլիզացնել տարբեր նյութեր, գործիքներ եւ առարկաներ։ AZAD ընկերության ստերիլիզատորներն աշխատում են օզոնի հիման վրա, եւ դա է նրանց հիմնական տարբերությունն ու հիմնական առավելությունը ստանդարտ ստերիլիզատորների համեմատ, հավաստիացնում է ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ նախ, օզոնային ստերիլիզատորներն ավելի հարմար են այն դեպքերում, երբ պետք է ստերիլիզացնել գործիքները կամ այլ առարկաներ, որոնք պատրաստված են այն նյութերից, որոնց համար վնասակար են բարձր ջերմաստիճանը եւ խոնավությունը։ Երկրորդ՝ օզոնի կիրառումը հնարավորություն է տալիս խոր ստերիլիզացում կատարել, որն անհնար է ստանդարտ ավտոկլավներում։ Երրորդ՝ պրոցեսը լիովին ավտոմատացված է, պետք է պարզապես խցիկի մեջ դնել գործիքները եւ սեղմել կոճակը. ընթացքում ձեռքով ոչ մի գործողություն չի կատարվում, ինչպես, օրինակ, ավտոկլավների կիրառման դեպքում։ Չորրորդ՝ AZAD ընկերության ստերիլիզատորներն ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում եւ ավելի քիչ ժամանակ պահանջում ստերիլիզացման համար։ Դրանք արժեն գրեթե նույնքան, որքան եւ սովորական ավտոկլավները, բայց սերիական արտադրության դեպքում դրանց գինը կարող է զգալիորեն նվազել։
«Մեր ստերիլիզատորներն աշխատում են հետեւյալ սխեմայով. սկզբում խցիկում ստեղծվում է վակուում, հետո օդից օզոն է մղվում ներս։ Բարձր թթվեցնող հատկությունների շնորհիվ օզոնը ոչնչացնում է միկրոբները, մանրէները եւ սպորները։ Քանի որ օզոնը արագ վերածվում է թթվածնի, սարքը որոշ ժամանակ անց դուրս է մղում խցիկի պարունակությունը։ Սարքը կատարում է ստերիլիզացիայի երկու փուլ՝ մակերեսային եւ խորքային։ Մակերեսայինը տեւում է 20 րոպե, խորքայինը՝ 40՝ պրոցեսի կրկնմամբ»,- ասում է Տիգրան Հարությունյանը։
Նա ավելացնում է, որ արդեն մեկ տարի է՝ ընկերությունը փորձարկում է սարքերը. լաբորատորիայից վերցվում են տարբեր սպորներ, դրանցով վարակում են տարբեր առարկաներ, ինչից հետո կատարվում է ստերիլիզացում, իսկ հետո այդ առարկաները հետազոտվում են լաբորատորիայում, եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սպորները վերացել են։
Ընկերությունն արդեն մշակել է տարբեր ծավալների մի քանի փորձանմուշներ եւ պատրաստ է դրանք հանել շուկա։ Դրանցից մեկը ներկայացվել է «Առողջապահություն եւ Դեղագործություն» ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել Երեւանում անցած հանգստյան օրերին։ Ընկերության ողջ տեսականուն կարելի է ծանոթանալ AZAD – Medical Devices կայքում։






