ԱՄՆ սննդամթերքների եւ դեղանյութերի որակի հսկման գերատեսչությունը (FDA) հավանություն է տվել չիկունգունյա վիրուսի դեմ առաջին պատվաստանյութին։ Այդ վիրուսը փոխանցվում է գերազանցապես մոծակների խայթոցի միջոցով։
Վարակի ամենամեծ վտանգն առկա է Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի եւ Ամերիկայի մերձարեւադարձային եւ ենթաարեւադարձային տարածաշրջաններում, որտեղ ապրում են վիրուսը փոխանցող մոծակները։ Սակայն հիվանդությունը սկսել է տարածվել նաեւ նոր աշխարհագրական տարածքներում։ Վերջին 15 տարիներին գրանցվել է այդ վիրուսով վարակման մոտ հինգ միլիոն դեպք։
«Այսօր FDA-ը հաստատել է չիկունգունյայի դեմ առաջին պատվաստանյութը՝ Ixchiq անվանմամբ»,- նշվել է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Փաստաթղթում նշվել է, որ դեղանյութը ստեղծել է Valneva Austria GmbH ընկերությունը եւ հավանության է արժանացել 18-ից բարձր տարիքի անձանց պատվաստման համար, որոնք գտնվում են վիրուսի հետ շփման բարձր վտանգի գոտում։ Պատվաստանյութը օրգանիզմ է ներարկվում մեկ անգամ, մկանային ներարկմամբ եւ վարակում է չիկունգունյա վիրուսի թույլ տարբերակով։ Այն կարող է առաջացնել չիկունգունյա տենդ հիշեցնող ախտանշաններ։






