Վերջին ժամանակների բժշկական գլխավոր իրադարձություններից մեկը ռուսաստանցի գիտնականների գրանցած առաջընթացն է Բեխտերեւի հիվանդության (անկիլոզացնող սպոնդիլիտ) բուժման հարցում։ Նրանք ստեղծել են նոր սերնդի դեղամիջոց, որը կարող է կանգնեցնել ծանր հիվանդությունը։ Այն մարդուն վերածում է հաշմանդամի, տեղեկացրել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Հետազոտության արդյունքների մասին պատմող հոդվածը հրապարակվել է Nature Medicine միջազգային հեղինակավոր ամսագրում։ Դա նշանակում է, որ մեր մասնագետները հասել են համաշխարհային մակարդակի նվաճման, ընդգծում են փորձագետները։
Անկիլոզացնող սպոնդիլիտը կամ Բեխտերեւի հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է։ Ախտահարվում են մարդու խաչաձեւ-զստոսկրերը (հոդային միացություն ողնաշարի եւ կոնքի միջեւ) եւ ողնաշարը։ Դա սպառնում է վերածվել անկիլոզի, լիակատար անշարժացման։ Հիվանդությունը կարող է ախտահարել նաեւ վերջույթների հոդերը, տեսողությունը, աորտան, երիկամները եւ այլ ներքին օրգաններ։ Բուժման հիմնական մեթոդն այժմ հակացիտոկինային թերապիան է։ Այդ դեղամիջոցներն օգնում են խուսափել ահավոր ցավից, բայց չեն կարող կանգնեցնել հիվանդության զարգացումը։ Դրանք նաեւ իջեցնում են իմունային համակարգի ակտիվությունը, իսկ դա կարող է լուրջ կողմնակի ազդեցություններ ունենալ։
Ռուսաստանցի գիտնականների նոր դեղամիջոցը աշխարհում առաջին թիրախավորված իմունաթերապիան է Բեխտերեւի հիվանդության դեմ։ Այն ունի գործողության ինքնատիպ մեխանիզմ՝ ուղղված հիվանդության պատճառի, այլ ոչ թե դրա հետեւանքների վերացմանը։ Այսպես կոչված BCD-180 մոնոկլոնալ հակամարմինը կետային ազդեցություն է գործում Т-լիմֆոցիտների իմունային բջիջների կոնկրետ խմբի վրա, որոնք առաջ են բերում բորբոքում անկիլոզացնող սպոնդիլիտի դեպքում։
Նոր դեղամիջոցը կգրանցվի եւ դեղատներում կհայտնվի առաջիկա 2-3 տարում։
Ռուսաստանցի գիտնականների առաջարկած հիպոթեզը հեռանկարներ է բացում հեղափոխական դեղամիջոցների նոր շարքի ստեղծման համար՝ աուտոիմունային հիվանդությունների բուժման համար։






